Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին։
Ըստ հրապարակման՝ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին և Իրանի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակ Հոսեյն Զաֆարին հաստատել են, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Զաֆարին նաև հավելել է, որ պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավորներ դեռևս բուժում են ստանում։ Խոսնակը նշել է, որ մաքրման և փլվածքների հեռացման աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին։








































