ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօրվա հանրահավաքին նորից ներկայացավ ՀՀԿ անդամատոմսերով լի տոպրակով:
Նա նշեց, որ Ազատության հրապարակում գտնվելու 15 րոպեի ընթացքում իրեն արդեն բավական թվով անդամատոմսեր են հանձնել: Մանուկյանը տեղեկացրեց, որ անդամատոմսերն անցած մեկ շաբաթվա ընթացքում հասել են 3 կգ 750 գրամի, իսկ այժմ 4 կգ-ից ավելի են, և աշխարհագրությունն էլ է ընդլայնվել:
«Ես ուզում եմ ասել իշխանություններին`սա ձեր ցանածի արդյունքն է, չանեիք էսպիսի կեղտոտություն, ձեր նկատմամբ էլ նույնը չէին անի: Սա նույնն է, որ փետրվարի 26-ին հրապարակում ստիպելով ժողովրդին հավաքեցին, բայց ժողովուրդը փախավ-եկավ Ազատության հրապարակ»,- նշեց Մանուկյանը:
Նա նաև խոսեց կրթական համակարգի քաղաքականացման մասին՝ նշելով, որ օրինակ՝ Շիրակի մարզի դպրոցնների 320 տնօրեններից 310-ը ՀՀԿ անդամ են. «Բա սա ամոթ չի»:
Մանուկյանը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով նրանց, ում ստիպելով են կուսակցականացրել, բերել և հանձնել անդամատոմսերը. «Ժողովուրդ ջան, գաղտինությունն ապահովված է, բոլոր ազնիվ քաղաքացիներին դիմում եմ, բերեք հանձնեք` քոռ ու փուչ չանեք, ինչքան տոմս ընկնի ձեռքներդ՝ բերեք ՀԱԿ»:










































