Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի:
Այս մասին հայտնել է The Daily Star-ը:
Դոմինիկյան իշխանությունները հայտնել են, որ բոլոր զոհերի մարմինները վերադարձրել են իրենց հարազատներին:
Հանրապետության նախագահի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից:
Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր հարյուրավոր մարդկանց վրա, որտեղ այդ պահին տեղի էր ունենում երգիչ Ռուբի Պերեսի ելույթը:
Ակումբում տեղի ունեցած աղետը տասնամյակների ընթացքում կարիբյան ազգի ամենասարսափելի ողբերգությունն էր։
Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են, սակայն հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են այն, որ հին շինությունը, որը մինչև 2023 թվականը օգտագործվել է որպես կինոթատրոն, ծանրաբեռնված է եղել և չի կարողացել դիմակայել մեծ թվով մարդկանց ներկայությանն ու ձայնային ուժգին ալիքների ազդեցությանը։
Կառավարությունը հայտարարել է, որ ազգային և օտարերկրյա փորձագետներից կազմված հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու աղետի պատճառները:








































