Իսրայելական Zman կայքի փոխանցմամբ՝ եգիպտական մամուլը ներկայացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադից Թուրքիայի վարչապետ Էրդողանի հիասթափվելու բուն պատճառը։
Մասնավորապես, երեկ եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը գրել է, որ երբ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե հիասթափված են Ասադից, դրա պատճառն ամենևին էլ վերջինիս կողմից ժողովրդավարական բարեփոխումներ չիրագործելը չէ.
«Անկարան Դամասկոսին առաջարկել է Սիրիայում հակակառավարական ելույթների դադարեցման հարցում իր աջակցությունն ու օգնությունը, եթե Ասադը սիրիական կառավարության մեջ տեղեր հատկացնի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որի գործունեությունը Սիրիայում արգելվել է դեռևս 1962 թվականին։
Հունիսին Էրդողանն Ասադից պահանջել է 3-4 նախարարական պորտֆել հանձնել «Մուսուլման եղբայրներ»-ին՝ փոխարենը խոստանալով օգտագործել սեփական ազդեցությունը Սիրիայում ժողովրդական հուզումներին վերջ դնելու համար։ Սակայն Ասադը կտրականապես մերժել է Էրդողանի այդ առաջարկը՝ ընդգծելով, որ մասնավոր իսլամիստները կարող են վերադառնալ Սիրիա, սակայն քաղաքական կուսակցության տեսքով նրանց վերադարձը բացառվում է, քանի որ նրանց կրոնական բնույթը չի համապատասխանում Սիրիայի աշխարհիկ բնույթին»։
Նշվում է նաև, որ ոչ վաղ անցյալում մերձավորարևելյան քրիստոնյաների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, թե վախենում է, որ «արաբիզմ» բառը փոխարինվի «օտտոմանիզմ» բառով, և Անկարան դառնա այն վայրը, ուր կլուծվի արաբական աշխարհի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր. «Իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ արձակուրդի ժամանակ հանդիպում եմ ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկկողմանի հարաբերությունների հարցը։ Ես շատ համբերատար եմ եղել, սակայն արդեն չեմ դիմանում։ Բաշար Ալ-Ասադը լցրել է իմ համբերության բաժակը»։
Իսկ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Ասադը դավաճանել է Թուրքիային՝ շարունակ կեղծ խոստումներ տալով նրան։









































