Հոկտեմբերի 1-2-ը տեղի կունենա «Գրավոր ժառանգություն» խորագրով ծրագիրը: Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներ այս տարի արդեն 26-րդ անգամ մասնակցում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ` հոկտեմբերի 1-2-ը ՀՀ-ն վեցերորդ անգամ կմիանա սույն ծրագրին, որը կանցկացվի «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծրագրի մասին մանրամասներ հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: Ա. Սամուելյանն ասաց, որ թեմայի ընտրությունը պայմանավորված է երկու կարևոր մշակութային իրադարձություններով` Հայ գրատպության 500-ամյակով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելով: Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի կարգախոսն է․ «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն», որի համատեքստում Հայաստանը կանդրադառնա հազարամյակների խորքից ծնունդ առնող իր գրավոր խոսքին: Տեղեկացնենք, որ կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ՝ շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանային տարածքներում, կլինեն ցուցադրություններ և դասախոսություններ: Այս ծրագիրը ներառում է նաև այցելություններ այն հուշարձաններ ու վայրեր, որտեղ պատմականորեն ձևավորվել է հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ, ինչպես՝ Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում:
Փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում՝ հոկտեմբերի 9-ին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կիսով չափ ֆինանսավորվել է Եվրոպական գրասենյակի կողմից: Ռաուլ դե Լուցենբերգերը նշեց, որ մշակույթը այն ոլորտն է, որով Հայաստանը կարող է մրցել Եվրոպայի հետ: «Դա այն ոլորտն է, որում Հայաստանն ունի նշանակալի ժառանգություն»,- նման կարծիք հայտնեց նա` ասելով, որ այս ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում:
«Նպատակն է՝ մշակութային հուշարձաններն ավելի մատչելի դարձնել հանրությանը: Մեր պատմական ժառանգության վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել, մշակութային ժառանգության վրա, այն երևույթների վրա, որոնք նույնն են անդամ պետություններում: Ամբողջ Եվրոպայում այս օրերին այցելուների քանակը հասնում է 20 միլիոնի»,- ասաց Ռաուլ դե Լուցենբերգերը:










































