Հարվարդի համալսարանում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հականոբելյան մրցանակաբաշխությունը (Ig Nobel Prize): Հականոբելյան մրցանակը տրվում է բոլոր այն հայտնագործությունների համար, որոնք գիտության մեջ կասկածելի են թվում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս տարի Հականոբելյան մրցանակ ստացել է, օրինակ, Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զուոկասը, որը ճանապարհային խցանումների դեմ պայքարելու համար կոչ է անում զրահամեքենաներով ճխլել սխալ վայրերում կայանած մեքենաները, ինչն էլ անում է:
Քիմիայի ոլորտում մրցանակը ստացել են ճապոնացի գիտնականները, որոնք ազդանշանային համակարգ են ստեղծել ճապոնական վասաբի համեմունքի հոտով: Նրանք հայտնաբերել են, որ վասաբիի մեջ կա այնպիսի նյութ, որը կարող է մարդուն արթնացնել, եթե վտանգ կա:
Հոգեբանության ոլրտում Հականոբելյան մրցանակ է ստացել Օսլոյի համալսարանի մասնագետ Կարլ Թեյգեն, որը ուսումնասիրել է այն հարցը, թե ինչու են մարդիկ հոգոց հանում: Հետազոտության ժամաանկ պարզվել է, որ մարդկանց մեծամասնության մոտ հոգոց հանելը տխրության և հիասթափության նշան է:
Մյուս մրցանակները բաժին են հասել մի քանի անգամ աշխարհի վերջ կանխատեսած «գիտնականներին», ինչպես նաև կենսաբաններ Դերիլ Գվինին և Դևիդ Ռենցին, որոնք պարզել են, որ բզեզների որոշ տեսակներ բեղմնավորվում են ավստրալիական գարեջրի որոշակի տեսակների շշերում:




































