«Առաջին լրատվականի» զրուցակիցն է արվեստագետ, ՀԱԿ Փոքր խորհրդի անդամ Արման Գրիգորյանը
– Արման, վերջին օրերին Ազատության հրապարակում` «Մշակութային հեղափոխություն ենք անում», «Դու դեռ Facebook-ո՞ւմ ես, հեղափոխություն փողոցներում» և նման կոչերով եք հանդես գալիս: Հեղափոխության կո՞չ եք անում:
– Այո՛, ես վստահ եմ` մենք անում ենք մշակութային հեղափոխություն: Երբ արվեստաբան Լիլիթ Սարգսյանը հրավիրեց մասնակցելու Անկախության 20-ամյակին նվիրված ակցիային, ինձ այս ամբողջի մեջ հետաքրքրեց այն, որ սա 88-ի ավանդույթի շարունակությունն է, իմ պատկերացմամբ` սա այդ ժամանակին ձևավորվել և հիմա արդեն ավանդույթ է դարձել: Եվ, ինչու ոչ, կարելի է հիշողությունը թարմացնել: Օրինակ` ինձ վրա մեծ տպավորություն է թողել Գրիգոր Խաչատրյանի` «Կարմիր կովը կաշին չի փոխի» պլակատը: Փաստորեն, մշակութային հեղափոխությունը արագ ավարտվող գործընթաց չէ, և այն «մեսիջը» դեռ արդիական է այսօր:
– Ազատության հրապարակը այս առումով սիմվոլի՞կ էր:
– Այո՛, քանի որ այն երբեք քաղաքական կոնտեքստից չի կարող կտրված լինել: Հիմնականում արաբական հեղափոխությունները Facebook-ի հետ էին կապում, դրա վրա էին հիմնված: Եվ իմ` «…Դու դեռ Facebook-ո՞ւմ ես» պլակատով փորձում եմ մարդկանց ցույց տալ իրական հեղափոխության տեղը, որը վիրտուալ տարածության մեջ չէ, այլ իրական կյանքում:
– Արման, այնուամենայնիվ, մշակութային հեղափոխությունն ամենօրյա աշխատա՞նք պետք է լինի:
– Իհարկե, քանի դեռ նոր պատկերացումները` սեփականության, տնտեսության, քաղաքացիական արժեքների, իրավունքների և արվեստի, մեզանում առօրյա հարաբերություններում լայն տարածում չեն ստացել, արվեստագետների և բոլոր ստեղածագործողների խնդիրն է նպաստել մշակութային հեղափոխության հաղթանակին: Գաղտնիք չէ, որ մշակութային մտածողության հիմնական կրողները և տարածողները մեզանում դեռ խորհրդային տարիներից պահպանվող պետական հաստատություններն են, նույնիսկ շատ լրագրողներ են պաշտպանում այդ հին պատկերացումները, և շատ քիչ են նրանց մեջ փոփոխության կողմնակիցները:
Կոնկրետ ինձ հետաքրքրում է այն հեղափոխությունը, որը փոփոխություն է կատարում մարդկանց պատկերացման մեջ, հետևաբար ինձ դուր է գալիս հանրահավաքային ռիթմը: Այն ժողովուրդը, որը գալիս է Ազատության հրապարակ` չի գալիս նրա համար, որ հետո գնա շենքեր գրավի, այլ իր էներգետիկայով ցույց է տալիս, դեմոնստրացիա է անում փոփոխված երկրում ապրելու իր ցանկությունը:
– Արման, հնարավո՞ր է` պայմանավորված հանրահավաքների ակտիվությամբ` նման կոչերը ավելանան:
– Ես շատ կցանկանայի, որ ավելանան նման կարգախոսները, շատ արվեստագետներ ներգրավվեն հեղափոխական գործընթացի մեջ: Անգամ մտածում եմ մի պլակատ պատրաստել` «Քաղաքականացրեք ձեր անձնական կյանքը», քանի որ այն կարծիքին եմ, որ այսօր ամեն ինչ անհրաժեշտ է քաղաքականացնել:
– Հանրային տարածքը` Ազատության հրապարակը, որքանո՞վ կարող է պահել հանրահավաքների նկատմամբ վերջին շրջանում թուլացող էներգետիկ դաշտը: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հինգ մարդ բերելու կոչ արեց նախորդ հանրահավաքին: Եվ արդյոք Դուք հինգ մարդ կկարողանա՞ք տանել Ձեզ հետ:
– Կարծում եմ` էներգիա ասվածը կապված է մարդկանց միասին լինելու, իրար հետ կանգնելու հետ, իսկ քանակի ապահովումը քաղաքական գործիչների խնդիրն է, իրենք ավելի լավ գիտեն` ինչպես անեն, որ ավելի շատ մարդ գա: Ինքս առանձնապես չեմ անհանգստանում մասնակիցների քանակով, որովհետև պարզ տեսնում եմ, որ մարդկանց մոտ կա բացահայտ մշակութային հեղափոխությանը մասնակից լինելու վախ և իրենք ռացիոնալիզացնում են այդ վախը` ասելով, որ ա՛, մենք գիտենք Տեր-Պետրոսյանին, նա արդեն եղել է նախագահ, իբր նոր լիդեր են փնտրում: Իրականում, սակայն, այդ ամենի մեջ ես տեսնում եմ սովետից ժառանգած և սփյուռքի կողմից հովանավորված կոնսերվատիզմ: Այդ իմաստով համարում եմ, որ եթե երկխոսությունը զուգահեռվի հանրահավաքային շարժմանը, ավելի շատ մարդ կգա Ազատության հրապարակ:
– Սակայն շատերի կողմից է հնչում այն միտքը, որ հենց երկխոսությունն ինքնին թուլացրեց ՀԱԿ-ի դիրքերը և պակասեցրեց հանրահավաքի մասնակիցների թիվը:
– Գիտեք, ինչո՞ւ համաձայն չեմ այդ պնդման հետ, որովհետև եթե զուգահեռ ենք անցկացնում 88-ի հանրահավաքային ակտիվության հետ, ապա պարզ երևում է, որ մեր հասարակությունը չունի ներքին ագրեսիվություն մեկը մյուսի նկատմամբ, և հանրահավաքների ծավալը պայմանավորված էր հենց իշխանության մեջ կողմնակիցներ գտնելու հավանականությամբ: Նույն դիտարկումը կարող ենք անել 2008-ի փետրվարյան հանրահավաքային տասնօրյակի առիթով, որից էլ հենց վախեցան իշխանությունները և որոշեցին ագրեսիվ բախումներ հրահրել:
– Հանրահավաքների` շաբաթը մեկ օր անցնելը արդյո՞ք իր մեթոդով արդեն հնացած չէ: Եվ արդյոք իսկապես հնարավոր կլինի՞ մարդկանց նորից հանրային դաշտ բերել, ակտիվացնել, թե՞ նոր «գործիքներ» են պետք:
– Դեռ անորոշություն կա, որովհետև պարզ չէ` կշարունակվի՞, թե՞ չի շարունակվի երկխոսությունը, երկու դեպքում էլ հնարավոր է մարդկանց ակտիվություն: Եթե երկխոսությունը շարունակվի և զուգահեռաբար հանրահավաքներ լինեն, դարձյալ ինձ համար դժվար է կանխատեսել` արդյոք այդ պրոցեսը կընթանա՞ եվրոպական` մեզ ծանոթ «թավշյա հեղափոխությունների» սցենարով, որը, իմ կարծիքով, ամենանախընտրելի տարբերակը կլիներ: Ինչո՞ւ, որովհետև ինձ համար մշակութային առումով շատ կարևոր է, որ Հայաստանը տարբերվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր քաղաքակրթության, հանդուրժողականության բարձր մակարդակով, որպեսզի այն դառնա մոդել երկիր, որին կցանկանան ձգտել և նմանվել հարևան ազգերը: Իսկ հանրահավաքները սպառված չեն, դա երրորդ ուժն է անընդհատ շահարկում, որ ինքը չանի հանրահավաք, որովհետև իրենց կողմից նման փորձերը միշտ ցուցադրել են հասարակության զգուշավոր վերաբերմունքը դեպի ծայրահեղ քայլերի կոչ անողները: Միգուցե սա նույնպես կարելի է բացատրել հին վախերով, հասարակական հոգեբանական կոմպլեքսներով: Հաճախ հայերը, անհատական ավանտյուրիզմը ընդունելով և նույնիսկ գովերգելով անհատական մակարդակի վրա, հասարակական կոլեկտիվ ավանտյուրիզմին ընդդիմանում են, մերժում: Ինքս ինձ չեմ պատկերացնում նման ավանտյուրիստական շարժման մեջ, որքան էլ ինձ համար տեսական գաղափարական առումով իդեալը, ուտոպիան արտիկուլացնելը հեշտ է, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հանրային մեծ շարժումները ունեն իրենց հերթականությունը, և գիտակցության փոփոխությանը զուգահեռ փոխվում է նաև քաղաքական քայլերի դինամիկան: Արհեստականորեն արագացված պրոցեսները վտանգավոր են:
– Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված ՀԱԿ-ի հապաղելը:
– Ես այդպես չէի ասի, որովհետև ՀԱԿ-ը բաղկացած է տարբեր քաղաքական, գաղափարախոսական ուղղվածություն ունեցող ուժերից, ինչը նպաստում է շարժման գործողություններում հավասարակշռված որոշումներ կայացնելուն: Այն ինձ համար ինչ-որ իմաստով հասարակության մի մոդելն է:
– Արման, որպես արվեստագետ Դուք շարունակում եք մնալ նույն լավատե՞սը:
– Իմ երազանքն է եղել, որ Հայաստանում լինի Կոնգրեսի նման ընդդիմություն, որը առաջադիմության կողմնակիցն է, որը չի շահարկում պոպուլիստական ազգայնական գաղափարներ և ճռճռան դատարկ լոզունգներ:










































