Լիբիայի հեռուստաալիքը, որը հեռարձակում է նոր կառավարությունը, հայտնել է, որ ձերբակալվել է Քադաֆիի կառավարության «ամենաերևացող» դեմքը` Մուսա Իբրահիմը: Այս մասին հաղորդում է չինական Xinhua գործակալությունը:
Համաձայն այդ հաղորդագրության՝ Իբրահիմը ձերբակալվել է Սիրթ քաղաքում, երբ փորձել է փախչել` խառնվելով փախստականների ամբոխին: Պաշտոնական աղբյուրներն ասել են, որ նա տեղափոխվել է Միսուրատա` հարցաքննության: Իսկ հեռուստատեսությամբ նրան կցուցադրեն առաջիկայում:
Ինչպես Լևիտանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին, որին անվանում էին Ստալինի խոսափողը, և որի ձայնով խորհրդային հասարակությունը տեղեկանում էր պատերազմի հաջողությունների ու անհաջողությունների մասին` դառնալով Հիտլերի թիվ մեկ թիրախը, այնպես էլ Մուսա Իբրահիմը «ցանկալի» գերի է նոր կառավարության համար, քանի որ նրա շուրթերով է հնչեցվել Քադաֆիի ռեժիմի ողջ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը:






































