Грузия Online-ը, վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեին, հայտնում է, որ օգոստոսին Վրաստանի տնտեսությունը 8.1 տոկոսանոց աճ է արձանագրել։ Այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Վրաստանում նախորդ ամիսներին գրանցված ցուցանիշները։ Օրինակ՝ հուլիսին այն կազմել էր 4.2 տոկոս։
Նշվում է, որ սրանք նախնական տվյալներ են և կարող են աննշան փոփոխություններ կրել։
Օգոստոսին Վրաստանի բյուջետային եկամուտները կազմել են 481.3 միլիոն լարի, իսկ բյուջետային ծախսերը՝ 478.2 միլիոն լարի (1 լարին հավասար է 0.55 ամերիկյան դոլարի)։ Բյուջետային եկամուտների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մարտ ամսին՝ 816,8 միլիոն լարի։
Այս տարվա առաջին 8 ամիսներին Վրաստանի պետբյուջեն համալրվել է 3.323.9 միլիոն լարիով, իսկ նրա ծախսերը կազմել են 3.058.7 միլիոն լարի։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 8 ամիսներին Վրաստան են այցելել 1,793,449 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մեծ մասը (355,924-ը) բաժին է ընկել հենց օգոստոս ամսին։










































