Այսօր առավոտյան մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել Կամերունի տնտեսական մայրաքաղաք Դուալայում: Reuters գործակալության հաղորդմամբ` նրանք պահանջում են գործող նախագահ Փոլ Բիյայի հրաժարականը, որը 30 տարի շարունակ անընդմեջ ղեկավարում է երկիրը: Երկրի իշխանությունները կատարվածը չեն մեկնաբանում: Հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ իրավիճակը վերահսկվում է պետական մարմինների կողմից:
Հայտնի չէ նաև, թե ով է ղեկվարում ապստամբներին, և ում են նրանք ներկայացնում: Հոկտեմբերի 9-ին Կամերունում պետք է կայանան հերթական նախագահական ընտրությունները, որի ժամանակ ակնկալվում է Բիյայի հերթական հաղթանակը: Բիյան անընդմեջ մի քանի անգամ առաջադրվելու հնարավորություն է ստացել այն բանից հետո, երբ 2008 թ. փոփոխել է սահմանադրությունը, որից հանվել են նույն մարդու կողմից նախագահական աթոռը զբաղեցնելու սահմանափակումները:










































