Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ և ռեգիոնալ հարցեր: Պետք է ենթադրել, որ հեռախոսազրույցի առանցքում, այդուհանդերձ, եղել են ռեգիոնալ հարցերը, քանի որ նույն օրը Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Ըստ հաղորդագրության՝ դարձյալ քննարկվել են երկկողմ և ռեգիոնալ հարցեր:
Պետք է ենթադրել, որ այս երկու հեռախոսազրույցները կապակցված են միմյանց, և հարցն այն է, թե ինչ բովանդակությամբ: Եվ մեծ է հավանականությունը, որ այդ բովանդակությունը սկսել է քննարկվել առնվազն հունվարից: Հիշեցնեմ, որ հունվարին Վրաստանի ԱԳ նախարարն ու վարչապետը այցելել են Բաքու, իսկ օրեր անց էլ նրանք այց են ունեցել Երևան: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Բաքվում հայտարարել էր, որ Վրաստանը Երևանին ու Բաքվին ներկայացնում է ռեգիոնալ եռակողմ տնտեսական գործակցության առաջարկ:
Թե ինչ առաջարկի մասին էր խոսքը, Կոբախիձեն չի մանրամասնել թե Բաքվում, թե նաև օրեր անց Երևան կատարած այցի ընթացքում: Անշուշտ, չկա միարժեք պնդման հիմք, որ գրեթե երկու ամիս անց Վրաստանի ԱԳ նախարարը իր հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է հենց այդ գաղափարը կամ առաջարկը:
Բայց, թերևս բավականին մեծ է հավանականությունը, որ միևնույն օրը երկու հեռախոսազրույցները վկայում են, որ ընդհանրությունը կարող է լինել ոչ միայն ժամանակագրական-օրացուցային, այլ նաև բովանդակային: Իհարկե, ամենևին բացառված չէ, որ Վրաստանի արտգործնախարարը պարզապես փորձել է Երևանի և Բաքվի հետ հեռախոսազրույցներում հասկանալ առկա տրամադրությունները, գնահատելու համար, թե միջազգային մակարդակում անորոշությունների նկատելի աճի պայմաններում արդյո՞ք կան ռեգիոնում լարվածության աճի իրական ռիսկեր:











































