«168 ժամ»-ը գրում է. «Անցած քսան տարիների ընթացքում (գուցե նաև դրանից առաջ) մենք այդպես էլ չկարողացանք տարբերակել մշակութային և քաղաքական հարթությունները:
Արդյունքում՝ նույն Ազնավուրին հայ ժողովուրդը ճանաչում և գնահատում է ոչ թե որպես տաղանդավոր երաժշտի, այլ՝ որպես աշխարհում ճանաչված հայի: Եվ հենց վերջին հանգամանքն էլ հաշվի առնելով՝ Ազնավուրն այսօր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, ինչպես նաև ՅՈՒՆԵԱԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Ընդ որում, մի տեսակ տաբու է դարձել այս պաշտոններում Ազնավուրի գործունեությանը գնահատական տալը, քանի որ նա Ազնավուրն է:
Իրականում, ո՛չ Շվեյցարիայում, ո՛չ էլ ՅՈՒՆԵԱԿՕ-ում Ազնավուրը, մեղմ ասած, դիվանագիտական աշխատանքով չի զբաղվում: Ավելին, հավաստի աղբյուրների համաձայն, անգամ նրա դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներն օգտագործվում են նրա որդու կողմից (ասում են՝ Ազնավուրը գրեթե չի լինում նաև դեսպանատանը): Այն դեպքում, երբ, ասենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը գրեթե «իրենով է արել» նույն ՅՈՒՆԵԱԿՕ-ն, ինչի շնորհիվ այս կառույցն արձագանքում է ադրբեջանական ցանկացած նախաձեռնության: Տվյալ դեպքում խնդիրն ամենևին Շառլ Ազնավուրի անձի մեջ չէ. ավելին, վերջինս և՛ հրապարակավ, և՛ մասնավոր զրույցներում դժկամություն է հայտնել այս պաշտոնները ստանձնելու առիթներով: Խնդիրն այն դերակատարության, այն գործառույթների մեջ է, որոնք Հայաստանը` որպես պետություն, վերապահում է նման՝ ծագումով հայ մարդկանց: Այն դեպքում, երբ հայկական ծագումը Ազնավուրին չի ստիպում աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ինչպես վարվում է, ասենք, արաբների կամ հրեաների պարագայում: Սակայն նույնիսկ դա չէ էականը»,- ապա թերթը հավելում է.
«Խնդիրը մշակույթի, արվեստի մեր ընկալման մեջ է, որը հասնում է ծիծաղելիորեն պարզունակության մակարդակի: Այն բանից հետո, երբ հայ լրագրողները, սովորության համաձայն, իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինային հարցրել են, թե ինչ գիտի Հայոց ցեղասպանության մասին, Սաֆինան լքել Է դահլիճը՝ ասելով՝ «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»: Քանի դեռ աշխարհի հետ հաղորդակցվում ենք համազգային այս բարդույթով, դա, բառի բուն իմաստով, «դեմ տալով» յուրաքանչյուրին, աշխարհը շարունակելու Է Հայաստանը ճանաչել ընդամենը մի քանի հռչակավոր հայերով՝ Քիմ Քարդաշյանով կամ, լավագույն դեպքում, Շառլ Ազնավուրով»:










































