Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Fars News գործակալությունը, հայտնում է, որ Վաշինգտոնն Անկարային զգուշացրել է նրա նկատմամբ պատժամիջոցների ընդունման մասին՝ Թեհրանի հետ իր հարաբերությունների զարգացման շարունակության դեպքում։
Իրանական գործակալության տվյալներով, պաշտոնական Վաշինգտոնի նախազգուշացումը թուրքական կողմին հանձնել է ԱՄՆ գանձապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Ռոջեր Քոհենը։
Վերջինս Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ թուրք-իրանական առևտրային ու ֆինանսական կապերի ընդլայնումը հակասում է Իրանի միջուկային հավակնությունների զսպմանն ուղղված ԱՄՆ-ի ու միջազգային հանրության ջանքերին։
Նշվում է, որ Թուրքիայում բացասաբար են ընդունել ԱՄՆ այդ դիրքորոշումը։ Արտաքին հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտարարել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող խանգարել իր հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը.
«Թուրքիային այդպիսի զգուշացումներ արած երկրներն իրենք պետք է շատ զգույշ լինեն։ Ներկայումս Թուրքիան այն երկիրը չէ, ինչ 10 տարի առաջ էր։ Միջազգային ո՞ր նորմերին համապատասխան ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել՝ չհենվելով իրավական ինստիտուտների վրա։ Միայն ՄԱԿ-ն է իրավասու այս կամ այն երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Մեզ ամենևին էլ չեն մտահոգում ամերիկյան զգուշացումները»։
Նաև նշվում է, որ Օբամայի վարչակազմը զգուշացրել է ԱՄՆ-ում աշխատող մի շարք թուրքական բանկերի, որ նրանց հանդեպ կարող են կիրառվել խիստ միջոցներ, եթե նրանք խախտեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում հայտարարել էր. «ՄԱԿ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն թուրք-իրանական ջերմ տնտեսական հարաբերությունների վրա: Եթե ցանկանում են, որ մենք Իրանի հետ ընդհանրապես առևտուր չանենք և ոչ մի տնտեսական հարաբերություն չունենանք, ապա դա Թուրքիայի հանդեպ անարդարացի մոտեցում է»:
Դրանից օրեր անց էլ Գյուլն ավելի առաջ էր գնացել և հոկտեմբերի 5-ին, հանդես գալով Տրապիզոնի առևտրաարդյունաբերական պալատում, թուրք գործարարներին կոչ էր արել ընդլայնել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը. «Նրանք, ովքեր տեղյակ չեն, կարող են զայրանալ Իրանի հետ մեր առևտրական կապերից, սակայն թուրք-իրանական առևտուրը կարևոր նշանակություն ունի մեզ համար»:









































