Նեպալի ոստիկանությունը ձերբակալել է 14 գյուղացիների, որոնք ընձառյուծ են մորթել և կերել այն, չնայած այն փաստին, որ այդ կենդանիները գտնվում են պետական պաշտպանության ներքո: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Պարզվել է, որ գյուղացիները ցանկացել են ուտել ընձառյուծի միս, քանի որ վստահ են եղել, որ այն ապաքինում է տարբեր հիվանդություններից: Չարագործները պնդում են, որ իրենք կենդանուն չեն սպանել, այլ գտել են սպանված վիճակում: Մինչդեռ նրա միսը բավականին թարմ է եղել և ուտելու ենթակա: Սակայն Նեպալում գործող օրենքի պահանջով սպանված ընձառյուծ հայտնաբերողը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:
Ձերբակալվածները պետք է մեծ տուգանք վճարեն: Նրանց բանտ են տարել, քանի որ չեն կարողացել մուծել գրավի գումարը: Նեպալում ընձառյուծները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Այստեղ բնակվում են հազվագյուտ ծխագույն ընձառյուծներ, որոնք հաճախ որսագողերի զոհ են դառնում:










































