Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունը ծանուցում է ստացել, համաձայն որի՝ Հայաստանի խոշորագույն օլիգարխ, «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշել է դատի տալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին` պահանջելով թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատական հայցի պատճառը Epress.am կայքից արտատպած լուրն է, որտեղ նշվում է, որ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել է, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայկական ավիաընկերության մամուլի պատասխանատուն Epress.am կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է:
Ի դեպ, Epress.am-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական և արտասահմանյան բավականին հեղինակավոր լրատվամիջոցների: Նկատենք, որ «ՉԻ»-ն ևս լուրը տեղադրել է Epress.am-ին հղում կատարելով: