Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «ղարաբաղյան» հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, թե հակամարտող կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Այս կապակցությամբ Բրայզան նշել է. «Ես չեմ լսել Լավրովի այդ հայտարարությունը, դրա համար էլ չեմ կարողանում մեկնաբանել դա։ Ներկայումս ոչ ոք չի խոսում ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման մասին, քանի որ խնդրի լուծման այդ տարբերակն անհնար է։
Ներկայումս, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, ես որևէ հայտարարություն չեմ լսել ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման մասին, և տվյալ փաստը բանակցային գործընթացի դրական զարգացում է։ Գլխավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն է»։









































