Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությանը, հայտնում է, որ վերստին դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը։ Այն դադարեցվել է այսօր առավոտյան ժամը 09.00-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21.00-ը։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորել է գազատարի չպլանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մտադրությամբ։ Խոսքը գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 52 կիլոմետրանոց հատվածի մասին է։
«ՀայՌուսգազարդ»-ն իր հերթին նշել է, որ գազմատակարարման դադարի ժամանակ հայ սպառողները գազ կստանան ներքին ռեզերվների հաշվին և գազի պակասություն չեն զգա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստան գազամատակարարումը դադարեցվել էր նաև սեպտեմբերի 22-27-ը Վրաստանում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով։








































