Ինչպես հայտարարել է Բաքվում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն, Մոլդովան ափսոսանք է հայտնում Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ և դա «ցավալի սխալ է համարում»: «Պաշտոնական Քիշնևը նախաձեռնել է Հայաստանին գաղտնի զենք վաճառելու գործով քննություն, որը վնաս է հասցրել մեր երկկողմ հարաբերություններին»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Բոդյուն: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:
Նրա խոսքերով` այս պահին դժվար է խոսել արդյունքների մասին: Նա կարծիք է հայտնել, որ առաջին հերթին պետք է պատժել նրանց, ովքեր «անմիջական ներգրավվածություն են ունեցել այս անդուր պատմության մեջ»: Բոդյուն հույս է հայտնել, որ այս միջադեպը չպետք է ազդի Մոլդավայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա, սակայն և նշել է, որ, այդուհանդերձ, այն ոչ հաճելի պահեր մտցրել է երկկողմ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանական լսումների ժամանակ Մոլդովայի պաշտպանության նախարարը խոստովանել էր, որ Հայաստանին է վաճառվել զենք և զինտեխնիկա, որը եղել է ժամկետանց և վաճառքի ենթակա: Այս հայտարարությունից հետո ադրբեջանական պաշտոնական մարմիններն ու մամուլը մեծ աղմուկ են բարձրացրել` փորձելով դա ներկայացնել որպես տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը խախտելու փորձ:






































