Հասարակական տրանսպորտից օգտվող ցանկացած քաղաքացի դժգոհելու ինչ-որ առիթ ունենում է,- նույնիսկ եթե մի պահ մոռանանք ողջ ճանապարհը երթուղայինում կռացած անցնելու վտանգը,- կա՛մ մեքենայի սրահն է աղտոտ, կա՛մ վարորդն է ծխում ու տեղի-անտեղի վիճում ուղևորների հետ, իսկ երբեմն էլ, հատկապես երեկոյան ժամերին, նույնիսկ կարելի է հանդիպել ալկոհոլ օգտագործած վարորդների, որոնք ղեկին նստած մրցարշավի են ելնում իրենց գործընկերների հետ:
Հասարակական տրանսպորտի վարորդների համար ինչպիսի՞ չափանիշներ են սահմանված, որոնք նրանք պետք է պահպանեն ուղևորափոխադրումների ժամանակ: Այս հարցն «Առաջին լրատվականն» ուղղեց
Երևանի քաղաքապետարանին, որի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից պատասխանեցին, որ հասարակական տրանսպորտի վարորդները կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենան D կարգի վարորդական իրավունքի վկայական, աշխատանքի ժամանակ չծխեն, լինեն արտաքին պատշաճ տեսքով (մասնավորապես՝ սափրված) և ուղևորների նկատմամբ ցուցաբերեն հարգալից վերաբերմունք։
Վարորդների աշխատանքի վերահսկողությունն իրականացնում են ճանապարհային ոստիկանությունը, «Երևանտրանս» ՓԲԸ-ն և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի տեսչությունը։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից նաև հայտնեցին, որ վարորդների կողմից խախտումները հիմնականում լինում են ծխելու դեպքերը և չնախատեսված տեղերում կանգառ կատարելը։ Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը քաղաքացիներից ստացել է ոչ պատշաճ վարքի և ծխելու վերաբերյալ բողոքներ, որոնց, ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանի պաշտոնյաները, «շատ արագ կերպով արձագանքել են՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»։
Ի դեպ, Facebook սոցիալական ցանցում մի դեպքի կապակցությամբ Կարեն Կարապետյանի էջում արված գրառմանը՝ «Ո՞վ է պատասխանատու ավտոբուսների հարբած վարորդների համար…», քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն արձագանքել է. «Ալկոհոլային խմիչքներ օգտագործած վարորդներ հայտնաբերելու դեպքում վարորդը վարչական տուժի է ենթարկվում պետավտոտեսչության կողմից, կամ մեր կողմից հայտնաբերման դեպքում հարց է բարձրացվում աշխատանքից հեռացման համար: Շնորհակալ կլինենք նման դեպքում հայտնել ավտոմեքենայի պետհամարանիշը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:
Հ.Գ. Խորհուրդ քաղաքացիներին.
Որևէ միջադեպի մեջ հայտնվելու դեպքում պարտադիր գրանցե՛ք տրանսպորտի պետհամարանիշերը ու հայտնե՛ք համապատասխան մարմիններին:









































