CNN Türk-ի փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆևին անդրադարձել է թուրք-իսրայելական ճգնաժամին.
«Ներկայումս թուրք-իսրայելական հարաբերություններում տիրող լարվածությունը ընդամենը քաղաքական ներկայացում է, ուրիշ ոչինչ։ Թուրքիան ու Իսրայելը կուլիսների հետևում շարունակում են բանակցել միմյանց հետ։
Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանն (ՌՏԿ) ուղղված է Իրանի և Սիրիայի դեմ, ինչպես նաև Իսրայելի պաշտպանությանը»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան իրանական իշխանությունների կողմից ամենատարբեր մակարդակի քննադատություններ ու զգուշացումներ է ստացել իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա՝ Մալաթիայի նահանգի Քյուրեջիք վայրում, ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման կապակցությամբ։










































