CNN Türk-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Jerusalem Post թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ամերիկյան CNN հեռուստաալիքին Թուրքիայի վարչապետ Էրդողանի տված հարցազրույցին։
Հիշեցնենք, որ Էրդողանը CNN-ին հայտարարել էր, թե Իսրայելը դաժանորեն սպանել է հարյուր հազարավոր պաղեստինցիների, սակայն օգտագործելով Հոլոքոսթի փաստը՝ շարունակ ներկայանում է զոհի դերում և Գերմանիայից ցայժմ գումարներ է շորթում։
Նեթանյահուն Էրդողանի այս խոսքերը որակել է որպես կեղծիք և շատ տգեղ. «Այդ կեղտոտ պնդումները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Պաղեստինցիների ահաբեկչությունից զոհվել են հազարավոր իսրայելցիներ։ Մենք չենք օգտվում Հոլոքոսթից։ Մենք խորապես հիասթափված ենք թուրք առաջնորդից նմանատիպ բաներ լսելու պատճառով»։
Հիշեցնենք, որ Էրդողանի ամերիկյան հարցազրույցին անդրադարձել է նաև Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, որը Էրդողանի խոսքերը որակել է որպես PR ակցիա՝ ընդգծելով, որ Էրդողանն աջակցում է արմատական իսլամական ահաբեկչությանը (ՀԱՄԱՍ-ին)։








































