«Քաղաքապետարանը հերթական անգամ շատ սխալ ճանապարհով է գնում, ճակատագրական սխալ»,- այսօր ասուլիսում հայտարարեց սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է հասարակական տրանսպորտի կշռում միջին ծավալի ավտոբուսների ավելացմանը: Ըստ նրա` միջին չափի ավտոբուսները նախատեսված են միջքաղաքային երթևեկության համար և հարմար չեն քաղաքում երթևեկելու համար: Ա. Պողոսյանի խոսքով` այդ ավտոբուսներն ավելի քիչ ուղևոր են փոխադրում, քան մեծերը, սրահը փոքր է, և 2-3 մարդ կանգնած լինելու դեպքում այլևս հնարավոր չէ տեղաշարժվել, նաև դրանք չինական են, ինչը ինքնին չարիք է:
Ա. Պողոսյանը կրկին շեշտեց, որ հարկավոր է վերականգնել և ավելացնել էլեկտրատրանսպորտը` տրամվայը, տրոլեյբուսը և մետրոն: Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետին հղած իր նամակին պատասխան է ստացել Տրանսպորտի և կապի նախարարությունից, որում միայն բարի ցանկություններ են արտահայտվել` Հարուն Ալ-Ռաշիդի հեքիաթներից վերցրած:









































