Հերթական բողոքն է հասունանում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, որի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին նախագահ, ներկայում` Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն է:
«Առաջին լրատվականա»-ին հասած տեղեկություններով, ակադեմիայի մի խումբ դասախոսներ պատրաստվում են առանց ավելորդ լարվածություն առաջացնելու` դիմել Սերժ Սարգսյանին` Եվրոպական ակադեմիայում (ԵՎԱ) «ստրկատիրական» մթնոլորտը փոխելու ակնկալիքով: Մի խումբ դասախոսներ դժգոհում են, որ արդեն մի քանի տարի է` չեն կարողանում ժամանակին ստանալ իրենց աշխատավարձը: Ամբողջ տարվա ընթացքում դասախոսներն ստիպված են մուրալ իրենց վաստակած գումարը, արդյունքում ժամանակին և լիարժեք չստանալով այն: Երբեմն հաշվապահություն կատարած 100-րդ այցից հետո է մարդուն հաջողվում սեփական աշխատավարձից 10 կամ 20 հազար դրամ պոկել` գոնե աշխատավայր հասնելու համար: Աշխատավարձերն ուշացնում են 2-3 ամսով: Արդեն երրորդ ամառն է, որ ակադեմիայի հաստիքային անձնակազմը առանց ոչ մի կոպեկի գնում է արձակուրդ:
Անցած տարիներին դա հունիս-օգոստոս ամիսների աշխատավարձն էր, այս տարի` մայիսից-օգոստոս ամիսներինը: Բացի դա, 2010-ի ամռանը ղեկավարությունը հաստիքային անձնակազմին ստիպել է ռեկտորի անունով դիմումներ գրել և խնդրել օրինական վճարվող արձակուրդի փոխարեն օգոստոսի 1-31-ը հատկացնել չվճարվող արձակուրդ: Դա էլ է արվել, սակայն ամբիոններից մեկի վարիչն ըմբոստացել է և իսկույն ազատվել աշխատանքից: Այսինքն` բարձրաձայնողները միանգամից զրկվում են հացը վաստակելու իրավունքից: Բողոքավորները մասնավոր զրույցներում նշում են, որ բուհի ղեկավարությունն այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծել, որ ազատ արտահայտվելն անհնար է դարձել: Այդ չգրված օրենքը խախտողները` սեփական կարծիքն արտահայտող և մասնագիտական հարցերի շուրջ ղեկավարության հետ վիճաբանողները (մեծամասամբ` իսկական պրոֆեսիոնալներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, դոկտորներ) հայտնվում են «սև ցուցակում» և հարկադրաբար լքում են ակադեմիան (Գ.Գևորգյան, Լ.Մկրտումյան, Ա.Դավթյան…):
2011-12 ուստարվա շեմին դիմորդների պակասը բերել է դասաժամերի կտրուկ նվազման և դասախոսական հաստիքների կրճատման անհրաժեշտության: Այս շղարշի տակ էլ ակադեմիայի տնօրինությունը հուլիս ամսվա ընթացքում իրականացրել է աշխատակազմի ատեստավորում, որը վերջին 3 տարիների ընթացքում արդեն երկրորդն է, չնայած համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական ատեստավորումները կարող են անցկացվել 5 տարին մեկ անգամ: Ըստ բողոքավորների` ատեստավորման նպատակը կադրերի կրճատումն է, որն ավելի շատ նման է դատավարության, որտեղ ակադեմիայի ռեկտորը հանդես է գալիս մեղադրողի, դատապաշտպանի, դատավորի դերերում և գրեթե միշտ միանձնյա է վճիռ կայացնում: Եվ հերթական ատեստավորումը վերածվել է որոշ «անհարմար» մարդկանց դեմ ուղղված հաշվեհարդարի: Մի կողմից` ռեկտորն ազատվում է մի շարք մասնագետներից, մյուս կողմից` նոր մարդկանց ընդունում` մոռանալով, որ դասաժամերի պակաս կա:
Ակադեմիան չունի բուժկետ և մարզադահլիճ, որպեսզի ձմռանը ուսանողներն իրենց ֆիզպարապմունքները մարզադահլիճում անցկացնեն: Ուստի, բողոքավորները Ս.Սարգսյանից ակնկալում են միջամտել, որպեսզի վերջ տրվի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի կամայականություններին:
Վերոնշյալ հարցերի վերաբերյալ փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ նաև ռեկտոր Ա.Ավետիսյանից: Մեզ հետ հանդիպման հենց սկզբում պարոն Ավետիսյանն ասաց, որ իր ժամանակը սուղ է և կարճ զրուցեցինք: Նա ասաց, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական կարողություններն ամբողջությամբ համապատասխանում են պահանջվող չափանիշներին. «Տարեկան ատեստացիայի ամփոփման արդյունքում են ընդունվում մեր մասնագետները և Հայաստանում իրենց ոլորտում լավագույն մասնագետներով է համալրված»: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հաճախականությամբ է ատեստացիա արվում: «Մեր ներքին կանոնակարգի համաձայն` մենք կազմակերպում ենք ամեն տարի մասնագիտական ատեստացիա: Ինչո՞ւ ամեն տարի, որովհետև այսօրվա պայմանները տեխնիկական առաջընթացի և նոր դրսևորումների պարտադիր ամենօրյա փոփոխությունները ստիպում են, որ մենք, մեր ներքին կանոնակարգի համաձայն, ստուգենք մեր դասախոսների իմացությունը, նրանց աշխատանքը… Եվ դա, կարծում եմ, մասնագետների որակի, ամենայնի վրա իր դրական ազդեցությունն է ունենում:
Ատեստացիա ասվածը չի նշանակում` ազատվել որևէ աշխատողից: Իհարկե, եթե կան աշխատողներ, որոնք թերանում են իրենց գիտական գործունեության մեջ, մենք միշտ ավելի պատրաստված մասնագետների ենք առավելություն տալիս»: Վերջին ատեստացիայի ժամանակ քանի՞ հոգու եք ազատել` հարցրեցինք: «Մենք ատեստացիայի արդյունքում գրեթե, ուրեմն դրանք տարբեր բաներ են` աշխատանքից ատեստացիայի արդյունքում` մասնագիտական կարողությունների բարելավման արդյունքում գրեթե աշխատողների չենք ազատել: Այլ բան է, որ դասաբաշխման և ծանրաբեռնվածության խնդիր կա այս տարի ընդհանրապես ամբողջ հանրապետությունով մեկ` կապված ընդունելության հետ, մեկ քառորդով կրճատվել են դասաժամերը, եթե իհարկե չենք կարող դասախոսին դասաժամերով ապահովել, ուստի նրա հետ չենք կնքել պայմանագիր: Դա չի նշանակում, որ ազատել ենք, կրճատել ենք»: Ի վերջո, քիչ ծանրաբեռնվածության արդյունքում քանի՞ հոգու հետ չեք վերակնքել պայմանագիրը: «Շատ քիչ մարդկանց հետ, ովքեր այնպիսի դասաժամեր են պարապում առաջին կուրսում, որ առաջին կուրսում մենք նրանց չենք կարող դասաժամեր տրամադրել: Մոտավորապես 5-6 հոգու… Եթե ինչ-որ մեկի համար դա դարձել է ճակատագրական, նա չի ստացել իր համապատասխան ժամերը, դա կարծում եմ, որ քննարկման ենթակա էլ չէ»:
Իսկ եղե՞լ են դեպքեր, որ աշխատավարձ ուզելու կամ իրենց կարծիքը ազատ արտահայտելու համար մարդկանց աշխատանքից ազատեք: «Իհարկե, ոչ: Շատ ներողություն եմ խնդրում` դա պրովոկացիոն հարց է: Չեմ էլ ուզում անդրադառնամ, պատասխանեմ, քանի որ Եվրոպական ակադեմիան իր բնույթով, աշխատակերպով այդպիսի հաստատություն չէ»: Աշխատավարձը ժամանակի՞ն է վճարվում: «Նայած` ինչպես է ստացվում: Կա նաև բյուջետային խնդիր, պատահում է, որ աշխատավարձը լինում է մի փոքր ուշացումով»: Դուք բյուջեի՞ց եք ֆինանսավորվում: «Ոչ, մենք բյուջեից ընդհանրապես չենք ֆինանսավորվում: Մեր բյուջեն կազմավորվում է հիմնականում ուսման վարձերի հավաքագրումից և ուսման վարձերը, ցավոք սրտի, այսօր շատ վատ են հավաքագրվում երևի ողջ հանրապետությունով մեկ, իսկ եթե աշխատավարձի մի փոքր ուշացում էլ ունենք, դա չի նշանակում, որ այդ աշխատավարձի ուշացման համար որևիցե մեկի չգիտեմ ինչ գործողությունների ենք դիմում, աշխատանքից ենք ազատում և այլն, և այլն»: Այդ հաշվեհամարը, աղբյուրը, որտեղից ֆինանսավորվում եք, արգելանքի տա՞կ է: «Ոչ, այդպիսի բան չկա, ո՞վ է ասում: Այնպիսի բաներ եք ասում…»: Դե բողոք կա, ուզում եմ նաև ձեզնից պարզաբանում ստանալ: «Դե մարդիկ ինչ ուզում` ասում են…»: Իսկ ինչ վերաբերում է բուժկետ և փակ մարզադահլիճ ունենալուն, ապա ռեկտորը հաստատեց, որ իրենք պայմանագրով օգտվում են հարևան Ֆրանսիական համալսարանի բուժկետից, ու նաև այլ կազմակերպությունների մարզադահլիճներից:









































