Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին, անդրադառնալով արդեն մի քանի օր ընթացող իրան-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների համատեղ վարժանքին, ասել է, որ դա ռեգիոնի պատմության շրջադարձային պահ է և զգայուն ռեգիոնում դնում է կայուն խաղաղության և անվտանգության հիմք: Իրանցի դիվանագետը, թերևս, բավականին մեծ փորձառություն ունի բառերը կամ բնորոշումները պարզապես չշռայլելու համար:
Եթե Իրանի առսջնորդի խորհրդականը խոսում է «շրջադարձային պահի» մասին, ապա պետք է, որ ունենա դրա համար բավարար հիմք: Մենք առայժմ չունենք տեղեկատվություն, թե հատկապես ինչն է շրջադարձային, բայց, Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականը պետք է, որ ավելի իրազեկ լինի, այդպիսի գնահատականի համար: Նա ասում է, որ զորավարժությունը վկայում է կողմերի միջև աճող վստահության մասին: Իրանի համար այդ զորավարժությունը ճանապարհ է դեպի ադրբեջանական բանակի որոշակի շերտեր, որոնք Իրանի համար ներկայացնում են հետաքրքրություն և մինչ այդ եղել են «անհասանելի», հետևաբար նաև անվստահելի՞:
Ինչ խոսք, համատեղ զորավարժությունը բոլորովին չի նշանակում, որ մասնակիցները միմյանց առաջ բացում են ռազմական գաղտնիքներ: Բայց համատեղ զորավարժությունը, հատկապես, եթե դա ներառում է բանակային հատուկ նշանակություն և գործառույթ ունեցող ստորաբաժանումներ, ենթադրում է որոշակի կոմունիկացիայի մակարդակ, որը, ավելին է, քան պարզապես գործակցությունը: Եվ այստեղ, իհարկե, էական է դառնում ուժերի հարաբերակցությունը: Այսինքն՝ համատեղ զորավարժությամբ ընդլայնվող և որոշակի խորացող կոմունիկացիան օգտակար է դառնում առավել մեծ տրամաչափ կրող կողմի համար, քանի որ այդ տրամաչափը ենթադրում է թե՛ հավելյալ ռիսկեր և թե՛ գործակցության խորություն ենթադրող կոմունիկացիայի միջոցով ենթադրում է ռիսկերի կառավարման հավելյալ հնարավորություններ:
Բացառված չէ, որ Թեհրանն այդ իմաստով որոշակիորեն «մերձեցել» է Ադրբեջանում իսրայելական ներկայությանը, Բաքուն տվել է այդ հնարավորությունը: Այլ կերպ ասած, Ադրբեջանն ըստ երևույթին «հանձնում» է Իսրայելին՝ այդ կերպ ձգտելով նաև ազատվել «պարտքից», որ ուներ Թել Ավիվի հանդեպ՝ Արցախի օկուպացիայի հարցում գործուն աջակցության դիմաց: Այժմ Ադրբեջանը, թերևս, փորձում է օգտագործել «պարտքից» ազատվելու պահը՝ թերևս համարելով, որ Իսրայելի և, մասնավորապես Բենիամին Նաթանյահուի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակն ամենաբարենպաստն է դա անելու համար:








































