Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ մեկտեղ, որոշակի կարգավիճակ ունեն նաև նրա ժամանակավոր անդամները.
«Նրանք տիրապետում են մի շարք մեխանիզմների՝ որոշակիորեն համաշխարհային քաղաքականության վրա ներազդելու համար։ Աշխարհում ընթացող կարևոր իրադարձությունների մասին որոշումներ ընդունելիս և դրանք ի կատար ածելիս հաշվի է առնվում նաև ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամների կարծիքը։
Եթե Ադրբեջանին շնորհվի ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակ, ապա նա կարող է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին իրազեկել տարածաշրջանային քաղաքականության իրողությունների ու դրանում առկա խնդիրների մասին։ Ժամանակավոր անդամ դառնալու համար Ադրբեջանին կաջակցի Արաբական երկրների լիգան և այլ երկրներ։
Քվեներ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի գործընկերոջ իմիջ։ Պետք է քվեարկող երկրներին վստահեցնել, որ եթե Ադրբեջանն ընտրվի, ապա նա կվարի անկողմնակալ քաղաքականություն։ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը դրականորեն կազդի Ադրբեջանի խնդիրների վրա»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը բաղկացած է 15 անդամներից, որոնցից 5-ը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) մշտական անդամներ են, իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ։









































