Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարությանն է ներկայացրել Արփինե Սարգսյանին՝ նոր նախարարին, որ նշանակվեց նոյեմբերի 18-ի հայտնի պաշտոնանկությունների շարքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի պաշտոնանկությունից հետո: 30-ամյա Արփինե Սարգսյանը, ինչպես հայտնի է, մինչ այդ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոն: Այն, որ Արփինե Սարգսյանը գործնականում երկու օր անց նշանակվել է նախարար, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը նրա նշանակման մասին որոշումը կայացրել է թերևս մինչև Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Դրա մասին է վկայում արագությունը, որով նշանակվել է նոր նախարարը:
Ըստ էության՝ հաշվի առնելով այն, որ ՆԳՆ սուպերնախարարության ղեկին է նշանակվում 30-ամյա երիտասարդ կինը, թերևս կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանը ՆԳՆ-ն ենթարկում է իր «ուղիղ կառավարման»: Կասկածից վեր է, որ Արփինե Սարգսյանը նախարարի պաշտոնում կարող է ամուր դիրք ունենալ միայն Նիկոլ Փաշինյանի անմիջական աջակցության շնորհիվ: Հակառակ պարագայում, բանակից հետո թերևս երկրորդ ուժային կառույցը հազիվ թե «ներդաշնակորեն ընդունի» երիտասարդ նախարարին: Ընդ որում՝ հատկանշական է միտքը, որ Փաշինյանն արտահայտել է Վահե Ղազարյանի առնչությամբ:
Ըստ նրա՝ Ղազարյանն իր մանկության ընկերն է, ինչը մեծապես օգնել է իրենց աշխատանքում, բայց «շատ հարցերում նաև խանգարել»: Ըստ ամենայնի՝ խանգարող հանգամանքը, թերևս, եղել է այն, որ մանկության ընկեր լինելու հանգամանքը Նիկոլ Փաշինյանին պահել է Վահե Ղազարյանի գործունեության հանդեպ որոշակի բարոյական կաշկանդումների շրջանակում՝ «պարտավոր» դարձնելով նրան վստահելը, այն դեպքում, երբ Փաշինյանը թերևս թե՛ պաշտոնի, թե՛ նաև քաղաքական իրավիճակի բերումով այսօր չի կարող իրեն թույլ տալ լիարժեք վստահել կամ լիարժեք չվերահսկել որևէ մեկին:
Ընդ որում, սա լոկ Փաշինյան-Ղազարյան հարաբերության մասին չէ, այլ ներիշխանական միջավայրում գոյություն ունեցող մթնոլորտի և այն նուրբ հոգեբանական շերտերի մասին, որ այսօր առկա են այդ միջավայրում: Նշանակելով երիտասարդ նախարարի՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ստեղծում է իրավիճակ, երբ այդ նախարարն ամբողջապես կախված է լինելու իրենից՝ նախարարությունում իրավիճակը կառավարելի պահելու տեսանկյունից, հետևաբար Նիկոլ Փաշինյանն էլ լիակատար և անկաշկանդ ազդեցություն է ունենալու սուպերնախարարության նախարարի հանդեպ: Խոշոր հաշվով, Փաշինյանը, թերևս, մոտենում է այն խնդրին, որի հաշվարկով և նկատառումով էլ կայացրել է ներքին գործերի նախարարությունը վերականգնելու քաղաքական որոշումը:










































