Այսօր ԵՊՀ-ում բացվեց «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը: Գիտական կոնֆերանսին այս տարի մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Ղազախստանի, Կանադայի թվով 120 գիտնականներ: Գիտաժողովի հայաստանյան կողմի կազմակերպական մասի ղեկավար Իսրայելյանի խոսքով` երեք տարին մեկ անցկացվող կոնֆերանսի նպատակը վերոնշյալ երկրների գիտնականների ու ասպիրանտների հոդվածների ու գիտական աշխատանքների ներկայացումն է ու դրանց քննարկումը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, մասնավորապես ասաց, որ կարծես արդեն սկսել ենք վերագտնել մեր վաղեմի կորցրած կապերը, ու սա շատ լավ հնարավորություն է ԱՊՀ երկրների գիտնականների հետ կորցրած գիտական կապերի վերագտնման առումով:
Կոնֆերանսի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը իր ելույթում խորհրդանշական համարեց կոնֆերանսի անցկացման համընկնումը ՀՀ անկախության 20-ամյակի հետ: «Պետությունը երկրի հետագա զարգացումը կապում է մարդկային պոտենցիալի և մրցունակ հասարակության ստեղծման հետ: Անցած 20 տարում պետությունը կրթությունը հայտարարել է իր զարգացման հիմնական գերակա ուղղություններից մեկը և իր ուշադրության կենտրոնում է պահում կրթական ոլորտի բարեփոխումների խնդիրը»,- ասաց Տ. Սարգսյանը` ընգծելով, որ այսօր հավասար պայմաններ են ստեղծվվել մասնավոր ու պետական ուսումնական հաստատությունների համար, և որ 2020 թ. կկարողանանք ստեղծել մրցունակ ուսումնական համակարգ:
Նա գիտական մտքի զարգացման ճանապարհին կարևորեց համաշխարհային ինտեգրման համակարգում ուսանողների ու դասախոսների մոբիլությունը և կրթական ոլորտում համագործակցությունը: Նրա խոսքով` ներկայումս մենք ունենք բարձրակարգ մասնագետների կարիք, և համալսարանները պետք է երիտասարդներին աջակցեն ու հնարավորություն ընձեռեն տպագրվել արտերկրի լավագույն ամսագրերում:
Կոնֆերանսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը: Մասնակիցները հանդես կգան տարբեր սեկցիաներով` մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա:










































