Սիրիայի կառավարական զորքերը երկուշաբթի գիշերը շրջափակել են Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Ալ-Ռաստան քաղաքը: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի բնակիչներին և իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները,
սիրիական զորքերը Ալ-Ռաստանի մոտ տեղակայված զրահատեխնիկայից ռմբակոծել են քաղաք, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ:
Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսի վերջին նույնպես այս քաղաքում ռազմական գործողություն էր իրականացվել, որի նպատակը դասալիքներ գտնելն էր:
Սիրիայում 2011 թ. մարտից սկսված հակակառավարական ելույթները վերածվել են քաղաքացիական պատերազմի: Նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը ընդդիմադիրների դեմ կիրառում է ամենակոշտ միջոցառումները: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` հակակառավարական ցույցերի սկզբից մինչ այժմ զոհվել է առնվազն 2700 մարդ: Սիրիայի իշխանությունները ամբողջ մեղքը բարդում են «զինված ավազակախմբերի» և «ահաբեկիչների» վրա:











































