Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի զորահանդեսները շարունակում են համեմատությունների և քննարկումների թեմա մնալ: Այս կապակցությամբ այսօր ասուլիսի էին հրավիրված հոգեբան Սամվել Խուդոյանը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ովքեր հիմնական շեշտը դրեցին ՀՀ զինված ուժերի զորահանդեսի միջազգային արձագանքների` ՀՀ-ում և տարածաշրջանում հոգեբանական ազդեցության վրա:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ անսպասելիորեն մեր զորահանդեսը մեծ արձագանք ստացավ միջազգային ասպարեզում, իրենք հիմնականում հետևել են միջազգային կայքերին: Նրա խոսքերով` եթե Ադրբեջանի զորահանդեսին ութսուն կայք է արձագանքել, ապա մեր զորահանդեսից հետո դրանց թիվը հասավ 830-ի. «Քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այսպիսի զորահանդեսներ շատ կտեսնենք, որոնք կան և կմնան միջազգային խնդրի կիզակետում: Ադրբեջանի մասին կարծիքները երկու բանի մասին են խոսում: Մի կողմը սևացնում է, մյուսը ասում է, որ առավելությունները պայմանավորված են մեծ եղբոր` Ռուսաստանի հաշվին»:
Հոգեբան Սամվել Խուդոյանը զորահանդեսների ազդեցությունը բաժանեց մեր թշնամիների, բարեկամների և նեյտրալ կողմի վրա;
Նեյտրալ ասելով` առանձնացրեց Անգլիան, Ամերիկան: Օրինակ` նրա խոսքերով, անգլիացիներին հիացրել էր կրոնավորների երթը, Գերմանիայի դեսպանը ևս բարձր գնահատական էր տվել: Հոգեբանական տեսանկյունից` հետաքրքիր են նորությունները, տվյալ դեպքում` նույն կրոնավորների երթը;
Ըստ նրա` բարեկամ համարվող ռուսական կողմը հոգեբանական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ ռուսական զորահանդեսն էլ էր այդ երթին մասնակցում: Իսկ թշնամի Ադրբեջանի մոտ անվստահություն է նկատվել:
Ինչ վերաբերում է մեզ, ապա նա նկատեց, որ շքերթն ապահովության զգացում է առաջացրել ժողովրդի մեջ և ինքնավստահություն: Նրա համար ևս, թե՛ քանակապես, թե՛ բովանդակությամբ մերն ավելի տպավորիչ է եղել: Համոզված է նաև, որ ի տարբերություն Ալիևի` Սերժ Սարգսյանի «դուխն ու ոգին» ավելի բարձր է եղել: Ադրբեջանը պարբերաբար շեշտել է Հայաստանի ու Ղարաբաղի անունը, ինչը միանշանակ խոսում է ներքին անվստահության մասին:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելացրեց այն, որ մեր զորահանդեսից շատ են խոսում, դա արդեն վկայում է մեր առավելության մասին: Ավելին` «Ադրբեջանի և Հայաստանի համեմատականների մասին խոսում են ոչ թե ադրբեջանցի փորձագետները, ռազմական փորձագետները, այլ քաղաքական գործիչները և այլն»: Ա. Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային փորձագետներն իրենց վերլուծությունները մինչև տարվա վերջը կանեն, ինչը ավելի մեծ շոկի մեջ կգցի ադրբեջանցիներին:











































