««Ամերիագրուպ» կազմակերպությունը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բացել է գրասենյակ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Գրասենյակի հիմնական նպատակն է լինելու Ամերիկայի գործարար շրջանակներին հայտնել Հայաստանի ներդրումային միջավայրը` թե՛ իրավական, թե՛ շահավետ ոլորտների տեսակետից:
Տրամադրվելու է նաև խորհրդատվություն և աջակցություն: «Ամերիա» ՀԲԸ-ի իրավական պրակատիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենք աշխատելու են ոչ միայն սփյուռքահայերի հետ, այլև ամերիկացի ներդրողների:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` թե որ ոլորտներն են ներդրումների տեսակետից ավելի հետաքրքրական, Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ մեծ հետաքրքրություն կա անշարժ գույքի շուկայում, չնայած ճգնաժամի պատճառով տեղի ունեցած անկումին: Հետաքրքիր է հանքային ոլորտը, հեռահաղորդակցային ոլորտը ևս շատ բուռն զարգանում է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ավանդաբար հետաքրքիր է եղել ԱՄՆ-ի համար: Միաժամանակ` Սարգսյանը նկատեց, որ ընտրել են հենց ԱՄՆ շուկան քանի որ այն ավելի մեծ կարիք ունի տեղեկությունների:









































