Սիրիայի շուրջ Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը Ղազախստանի մայրաքաղաքում կկայանա նոյեմբերի 11-12-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման առաջին օրը տեղի կունենան պատվիրակությունների երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ, հաջորդ օրը դրանք կշարունակվեն: Նոյեմբերի 12-ին կկայանան լիագումար նիստ և ամփոփիչ մամուլի ասուլիս։
«Հանդիպման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ Սիրիայի շուրջ տարածաշրջանային իրադրության զարգացումը, համալիր կարգավորման ջանքերը, իրադրությունը Սիրիայում «գետնի վրա», վստահության միջոցները, այդ թվում՝ պատանդների ազատումը և անհետ կորածների որոնումը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։









































