Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի միջև ստորագրված ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին արձանագրության համաձայն՝ կանցկացվեն AZIREX 2024 համատեղ զորավարժություններ: Այդ մասին պաշտոնապես հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի քանի նավեր և շուրջ հարյուր զինվորականներ արդեն ժամանել են Իրանի Էնզելի նավահանգիստ: Զորավարժությունները տեղի կունենան Կասպից ծովի իրանական ջրային տարածքում և կունենան որոնողափրկարարական գործողությունների կոորդինացման նպատակ:
Իրանը և Ադրբեջանը ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնում մի իրավիճակում, երբ Թեհրանը տարբեր, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության մակարդակով հայտարարել է, որ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կայացրել է Իսրայելին պատասխան հարված հասցնելու որոշում:
Միջազգային փորձագետները դժվարանում են կանխատեսել՝ Իրանը կհարվածի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, թե՞ հետո: Ընդ որում՝ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իրանի ռազմագործողությանը կմիանան «Հեզբոլլան» և Իրաքում շիադավան խմբավորումները, հավանական է՝ նաև Եմենի հոիթիները:
Ադրբեջանն Իսրայելի կողմից Իրանին հասցված հրթիռային հարվածների կապակցությամբ պաշտոնական տեսակետ չի հայտնել, չնայած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, չի դատապարտել Գազայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները, որ Իրանը և Թուրքիան անվանում են ցեղասպանություն:
Բաքուն չի միացել Իսրայելի դեմ սպառազինությունների և ռազմամթերքի էմբարգո կիրառելու մասին Թուրքիայի նախաձեռնությանը: Այս համատեքստում իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ոչ այնքան բուն ռազմական, որքան քաղաքական նշանակությունն է ընդգծվում:
Համատեղ զորավարժությունները, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածության վերահաստատումը, հավանաբար, ազդակ է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներին, որ, չնայած առկա տարաձայնություններին, Բաքուն և Թեհրանը կարողանում են հաղթահարել անվստահությունը:
Որոնողափրկարարական զորավարժությունները, ինչ խոսք, կողմերի միջև խորը, ինստիտուցիոնալ համագործակցության դրսևորում չեն. Իրանը և Ադրբեջանը սահմանակից են նաև Կասպից ծովում և կարող են այդ բնագավառում կոորդինացնել իրենց հնարավորությունները, փոխադարձ օգնության պարտավորություններ ստանձնել: Ավելի հնչեղ կլինի, ամենայն հավանականությամբ, այդ զորավարժությունների նկատմամբ միջազգային արձագանքը: Դա, թերևս, նշանակություն կունենա նաև հայ-իրանական հարաբերություններում:








































