Իսրայելը հայտարարել է Իրանին հասցված հարվածի ավարտի մասին: Իրան-իսրայելական «սագայի» հերթական հասցված դրվագում Թել Ավիվը հայտարարում է կարևոր ռազմական թիրախներ խոցելու մասին, Թեհրանը՝ որևէ էական վնաս չունենալու մասին: Այնպես, ինչպես լրիվ հակառակ հայտարարություններ են հնչում, երբ Իրանն է հարվածում Իսրայելին: Իսրայելի հարվածից առաջ ռեգիոն էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, որը փորձել է վերականգնել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունը: Չի բացառվում, որ դրան զուգահեռ, ԱՄՆ պետքարտուղարը փորձել է համոզվել, որ Իսրայելն Իրանին հարված հասցնելիս չի հատի այն գիծը, որից այն կողմ մերձավորարևելյան մեծ պատերազմի անխուսափելիությունն է:
Ակնառու է, որ ԱՄՆ վարչակազմը ինտենսիվ դիվանագիտական շփումների միջոցով փորձում է թույլ չտալ իրավիճակի անվերահսկելիություն թե Իսրայելին իրանական հարվածների նախապատրաստական փուլում, թե Իրանին Իսրայելի «պատասխանի» փուլում: Մերձավոր Արևելքի մեծ պատերազմն ամենաանցանկալին է, որ կարող է լինել բարդ նախընտրական շրջափուլում գտնվող ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի համար: Բայց ի՞նչ կլինի նոյեմբերի 5-ից հետո: Դեմոկրատական վարչակազմն իր դիրքերը պահելու պարագայում, դարձյա՞լ կշարունակի նույն հետևողականությամբ մերձավորարևելյան ռեգիոնը զերծ պահել պատերազմից, կամ առավելագույն ջանք գործադրել դրա համար, թե՞, այդուհանդերձ, այլևս չի ունենա ռեգիոնալ մեծ պատերազմից խուսափելու նույն մոտիվացիան:
ԱՄՆ մոտիվացիան միայն նախընտրակա՞ն է, թե՞ ռազմավարական՝ անկախ ընտրության գործընթացից: Սա էական հարց է և Մերձավոր Արևելքում մասշտաբային մեծ պատերազմի բռնկումը կամ դրա արգելակումը զգալի կախվածության մեջ է այդ հարցի պատասխանից: Տարածված է տեսակետը, որ Տրամպի նախագահության պարագայում Իսրայելին աջակցությունը կլինի աներկբա, եւ ըստ այդմ մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը Թել Ավիվին կտա Իրանին պատերազմի մեջ ներքաշելու լիակատար քարտ-բլանշ: Բայց դա կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվելու է նաև ԱՄՆ, որովհետև Իսրայելը զուտ իր ուժով՝ չնայած ռազմական շոշափելի կարողություններին, չի կարող դիմակայել Իրանի հետ մասշտաբային ռեգիոնալ պատերազմի: Իսկ ԱՄՆ կարո՞ղ է մտնել այդպիսի մեծ պատերազմի մեջ:
Զուտ ծավալային առումով՝ այո՛, բայց քաղաքական իմաստով դա կնշանակի, որ Նահանգները պետք է անուղղակի շարունակեն պատերազմն Ուկրաինայում, միևնույն ժամանակ առնվազն «կիսաուղղակի» ռեժիմով պատերազմեն Մերձավոր Արևելքում: Դա մեծագույն վտանգ է Չինաստանին ռազմավարական առավելության հնարավորություն տալու իմաստով: Տրամպը կգնա՞ այդպիսի քայլի: Իսկ Ի՞նչ կանի Հարիսը, եթե ընտրվի նախագահ: Նույն խնդիրները լինելու են նրա առաջ: Առավել ևս, որ համարվում է, թե դեմոկրատներն ավանդաբար հակված են Իրանի հետ շփումների, այլ ոչ թե պատերազմի: Սակայն սրանք խոշոր հաշվով թերևս հարաբերական բնորոշումներ են:
Իրանի հետ պատերազմի հակված չեն թերևս թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները: Տվյալ պարագայում խնդիրն Իսրայելն է, ու նոր համաշխարհային իրողությունների, և ԱՄՆ համար դրանցից բխող մարտահրավերների ու անելիքների համատեքստում իսրայելա-ամերիկյան հարաբերության տրանսֆորմացիայի խնդիրը: Երբ փոխվում է աշխարհը, առավել ևս փոխվում է մերձավորարևելյան մեծ ռեգիոնը, չի կարող ամերիկա-իսրայելական հարաբերությունը մնալ «հին ռեժիմում»: Եվ այստեղ է ԱՄՆ որևէ վարչակազմի առաջ առանցքային խնդիրը՝ ինչպե՞ս փոխել այդ հարաբերությունը, թե Իսրայելը չի ուզում փոխել դա: Պատերազմո՞վ, թե՞ խաղաղությամբ:










































