Այս շաբաթ ՄԱԿ-ում իր աշխատանքները սկսեց Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը: Ի թիվս այլ խնդիրների, այս նստաշրջանի առանցքը կազմեց Պաղեստինի կողմից ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության և անկախության հռչակման հարցը, որի մասին համապատասխան դիմումը ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, իսկ վերջինս այն ուղարկեց Անվտանգության խորհուրդ, որտեղ դիմումը քննության կառնվի վաղը` սեպտեմբերի 26-ին:
Նախքան Աբբասի այս քայլը, ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները բազմիցս հայտարարել էին, որ Անվտանգության խորհրդում Պաղեստինի միակողմանի անկախության հարցը քննելու դեպքում իրենք վետո կկիրառեն և թույլ չեն տա ինքնավարությանը դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, քանի որ ԱՄՆ-ն, ինչպես և արևմտյան մյուս գերտերությունները, Իսրայելի հետ միասին պնդում են, որ Պաղեստինի անկախությունը պետք է հռչակվի Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում:
Այս առնչությամբ կա երկու տեսակետ, ինչը բաժանում է միջազգային հանրությանը: Իսրայելն ու Արևմուտքը այն կարծիքին են, որ Պաղեստինի անկախության միակողմանիորեն հռչակումը լրջորեն կսրի իրավիճակը տարածաշրջանում: Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս կապակցությամբ օրինակ բերեց Գազայի հատվածը, որտեղից Իսրայելի հեռանալուց անմիջապես հետո հաստատվեց «Համասը»: Վարչապետի մյուս օրինակն ավելի տպավորիչ էր: Նա նշեց, որ Իսրայելի տարածքը շատ փոքր է, և երկրի միջազգային օդանավակայանը Պաղեստինի տարածքից գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հետևաբար Պաղեստինի լիարժեք անկախությունը պետք է հռչակվի այն դեպքում, երբ Իսրայելի անվտանգության համար հստակ երաշխիքներ կլինեն:
Մյուս տեսակետը, որի հետ համաձայն են տասնյակ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, այն է, որ Պաղեստինի անկախությունը պետք է հռչակել, քանի որ պաղեստինցիներն ու իսրայելցիները միմյանց հետ անընդհատ բախումների մեջ են, և բանակցային գործընթացը պետք է շարունակվի երկու անկախ, ինքնիշխան պետությունների և ոչ թե մի պետության ու նրա ինքնավարության միջև:
Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում կարող է ունենալ Հայաստանը, եթե Պաղեստինի անկախության հարցը քվեարկության դրվի ՄԱԿ-ում: Որոշ վերլուծաբաններ Հայաստանի դիրքորոշումը կապում են հետսովետական պետություն և Ռուսաստանի դաշնակից լինելու հանգամանքի հետ` մոռանալով, որ Հայաստանի պարագայում պետք է հաշվի առնվի նաև Երուսաղեմում հայկական թաղամասի գործոնը: Հայտնի փաստ է, որ հայերիս ներկայությունը Երուսաղեմում դարերի պատմություն ունի, Հին քաղաքի հայկական թաղամասն Իսրայելի իշխանությունների կողմից մեղմ ասած բարեխիղճ վերաբերմունքի չի արժանանում, մինչդեռ պաղեստինցիների և արաբական թաղամասի հետ հայերը ջերմ հարաբերություններ ունեն:
Այս տարվա հունիսին Հայաստան էր ժամանել Պաղեստինյան Ինքնավարության ներկայացուցիչ Նաբիլ Շաաթը, ով հայտնել էր, թե հույս ունի, որ Հայաստանը առաջինը կճանաչի Պաղեստինի անկախությունը, մինչդեռ մեր երկրի կողմից պաշտոնական որևէ դիրքորոշում առայժմ չկա:
Պաղեստինը հայտարարում է, որ ցանկանում է տեսնել իր երկիրը 1967թ-ի սահմաններում և Արևելյան Երուսաղեմը որպես մայրաքաղաք, ինչը չի կարող հայկական թաղամասի ապագայի վրա ազդեցություն չունենալ: Այսօր հայերիս ներկայությունը Երուսաղեմում և պատմական ու կրոնական բացառիկ դերն այդ քաղաքում վտանգի տակ է: Կա արտագաղթ, համայնքը նոսրանում է, իրավունքները սահմանափակ են:
Այս հանգամանքը, կարծում ենք, չի կարող անտեսվել Հայաստանի իշխանությունների կողմից ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության հարցը քվեարկության դրվելու ժամանակ, քանի որ Հայաստանը պետք է ելնի ոչ միայն նրանից, որ Ռուսաստանը միանշանակ կողմ է Պաղեստինի անկախությանը, կամ այն հանգամանքից, որ ԱՄՆ դեմ է միակողմանի անկախության հռչակմանը: Ո՛չ ռուսները և ո՛չ էլ արևմտյան գերտերությունները Երուսաղեմում չունեն իրենց թաղամասը, չունեն պատմական այն ներկայությունը, որն ունենք մենք` հայերս, հետևաբար Պաղեստինի անկախության հարցը հայ դիվանագիտության համար յուրահատուկ մարտահրավեր է:











































