Ղարաբաղյան կարգավորման առաջընթաց հնարավոր է, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք առաջ քաշվեցին Կազանում, երեկ այս մասին հայտարարել է Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
Այլ կերպ ասած` Հայաստանի արտգործնախարարը ամրագրել է, որ Կազանում պաշտոնական Բաքվի ներկայացրած տասը առաջարկները այսօր դեռ ոչ միայն շարունակում են, այսպես ասած, մնալ օրակարգում, այլև Բաքուն դրանք առաջ է քաշել ոչ թե սկզբունքով, որ` գուցե երկու-երեքն անցկացնի, այլ հաստատուն կերպով մնացել է իր դիրքերում` առաջնորդվելով «տասն էլ պիտի ընդունեք» սկզբունքով…
Բայց այստեղ եթե Բաքվի կեցվածքը կարելի է հասկանալ, ապա անհասկանալի է պաշտոնական Երևանի վերաբերմունքը: Մի բան անհերքելի է, որ փաստորեն պաշտոնական Բաքուն մերժել է մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների՝ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի համատեղ ընդունած դովիլյան հայտարարությունը, որտեղ նրանք նախ կողմերին հստակ կոչ էին արել՝ «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»…
Այսինքն՝ միջնորդ երկրների երեք նախագահները հստակ ժամկետ էին սահմանել՝ համաձայնության գալու համար, բայց Բաքուն ձախողեց Կազանյան համաձայնությունը: Սակայն այս իրավիճակում Հայաստանը սպասում է, թե երբ Բաքուն հետ կվերցնի իր տասը առաջարկները կամ միջնորդները կստիպեն նրան հետ վերցնել դրանք:
Միամիտ կլինի կարծել, որ միջազգային հանրությունը չի գիտակցում, թե կարգավորման գործընթացում ստեղծված այս անորոշության պատասխանատուն որ կողմն է: Բոլորի համար էլ հստակ է, որ պաշտոնական Բաքուն է փակուղի մտցրել ԼՂ կարգավորման գործընթացը: Սակայն այս ամբողջ գործընթացում ուշագրավն այն է, որ ԼՂ կարգավորման գործընթացի նկատմամբ այսօր մի տեսակ այլ մթնոլորտ է ձևավորվել:
Կարծես հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ԼՂ կարգավորման գործընթացի փաթեթը շահագրգիռ կողմերը դրել են մի դարակի մեջ, փակել են և նախընտրում են սպասել ավելի հարմար պահի ի հայտ գալուն: Ավելին` այսօր առհասարակ կարծես Հարավային Կովկասի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունների շրջանակը նկատելիորեն փոխվում է: ԵՄ-ից եկող ազդակներն, օրինակ, վերջին շրջանում ասես այլ շեշտադրումներ են պարունակում, և ԼՂ արագ կարգավորման անհրաժեշտությունը, այն սպասումները, որոնք մշտապես եղել են, իսկ առավել վճռորոշ պահերին ավելի ցցունց են եղել` իրենց տեղը զիջել են նոր դրսևորումների:
Սրա բացատրությունը, թերևս, այն է, որ միջազգային հանրության համար Հարավային Կովկասին «տեր» կանգնելու հարցում փոխվել են առաջնահերթությունները, և ամենագլխավորը` հակամարտությունները` որպես երկրների իշխանությունների հետ «տորգի» գործիք, կարծես կորցնում են իրենց հետաքրքրությունը:
Եվ այստեղ ինչ-որ առումով կարելի է հասկանալ միջազգային հանրությանը. քանի՞ երկարուձիգ տարի միջազգային շահագրգիռ կողմերը ապրեն սպասումներով, որ կողմերը մի օր կարգավորման հիմնարար սկզբունքներ կընդունեն, ապա կգնան վերջնական խաղաղության հաստատման… Գուցե նրանք սկսել են հասկանալ, որ անհրաժեշտ բարեփոխումների կարող են հասնել ճանապարհի այլ եզրից, դա` ներսում ժողովրդավարությանը քայլ առ քայլ նպաստելն է, իսկ հետո` հակամարտությունների լուծումն արդեն կլինի տեխնիկայի հարց:











































