Երեսուներեք տարի առաջ՝ 1991թ. հոկտեմբերի 18-ին, դե յուրե դեռևս ԽՍՀՄ միութենական հանրապետություն հանդիսացող Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտ, որով Ադր. ԽՍՀ-ն վերանվեց Ադրբեջանական Հանրապետություն՝ որպես 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետության իրավահաջորդ:
Այդ փաստաթղթի «աղը» մի ձևակերպում է, ըստ որի՝ 1920թ. ապրիլի 28-ին «բոլշևիկյան Ռուսաստանը տապալել է Ադրբեջանի ժողովրդական հանրապետության օրինական ընտրված իշխանությունը, օկուպացրել անկախ պետությունը, նրա տարածքը ենթարկել անեքսիայի»: ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի գոյությունը սահմանադրական ակտով ճանաչված է գաղութացման շրջան, որի ընթացքում նրա բնական հարստություններն անխնա շահագործվել են:
Այդ օրը երեսուն տարի նշվել է՝ ինչպես սահմանված է «Պետական անկախության վերականգնման մասին» ակտով: Ադրբեջանի անկախության «ծննդյան վկայական» համարվող ակտի դեմ Իլհամ Ալիևն առաջին ոտնձգությունը կատարել է 2006 թվականին: Նրա նախաձեռնությամբ՝ Միլլի մեջլիսը վերացրել է հոկտեմբերի 18-ը ոչ աշխատանքային օր սահմանելու մասին որոշումը:
Երկրորդ, բայց արդեն իրավա-քաղաքական նշանակության քայլը կատարվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո. 2021 թվականին հոկտեմբերի 18-ը սահմանվել է «անկախության վերականգնման օր»: Ըստ էության՝ Ադրբեջանի տոնացույցից օտարվել է «պետական անկախության» օրը:
Ներքաղաքական առումով այդ տրանսֆորմացիան իր տրամաբանությունն ունի: Ադրբեջանում «ազգային վերածննդի օր» սահմանված է հունիսի 15-ը: Դա իշխանություն Հեյդար Ալևի վերադարձի օրն է: Պետական քարոզչությունը ներշնչում է, որ Ադրբեջանի Երրորդ Հանրապետության հիմնադիրը Հեյդար Ալիևն է:
Բայց սահմանադրական ակտի սկզբունքային վերախմբագրումը, ամենայն հավանականությամբ, ունի նաև արտաքին քաղաքական մոտիվացիա: 2001թվականից ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել և շարունակում են խորանալ բոլոր ուղղություններով:
Իլհամ Ալիևի իշխանության աղբյուրը Մոսկվայի անվերապահ աջակցությունն է: Այս պայմաններում չափազանց տգեղ կլիներ, եթե Բաքվում հոկտեմբերի 18-ը նշվեր որպես Ռուսաստանի օկուպացիայից և գաղութատիրությունից ազատագրման օր: Տոնը ենթադրում է հանրային տրամադրությունների որոշակի գեներացիա: Իսկ Ռուսաստանի և ռուսների նկատմամբ ադրբեջանական հանրային վերաբերմունքն այնքան բացասական է, որ ամենաչնչին իսկ ազատության դեպքում կարող է պոռթկալ:
Ալիևը, իհարկե, չի գնա «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի իրավաբանական խմբագրման, բայց քաղաքական իրավահաջորդությունը նա արդեն խզել է՝ Ադրբեջանի Երրորդ Հանրապետության ծննդաբանությունը սկսելով Հեյդար Ալիևի իշխանության վերադարձի օրվանից:
Սա նաև իրավական նշանակություն ունի. «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը հիմք ընդունելով՝ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը չի վավերացրել ԱՊՀ կազմավորման մասին Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը: Այդ փաստաթուղթն Ադրբեջանը ճանաչել և ԱՊՀ-ին անդամակցել է Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո՝ 1993 թ. սեպտեմբերի 26-ին:
Հեյդար Ալիևը, իհարկե, առաջնորդվել է իշխանությունն ամրապնդելու, նախագահական ընտրություններում հաղթելու մոտիվացիայով, բայց այդ քայլը «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտի կոպտագույն ոտնահարում էր:
Նույն մոտիվացիան, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևն ունի և չի առճակատվում Ռուսաստանին, որպեսզի դինաստիական իշխանություն հաստատելու երաշխիքներ ունենա: Բայց ոչ ոք չգիտի, թե Ադրբեջանում պետականության և ժառանգականության մասին ո՞ր տեսակետն է դոմինանտ, հանրությունն ընդունում է, որ Ադրբեջանը Հեյդար Ալիևն է «ծնե՞լ»: Թե՞ գերակա է այն ընկալումը, որ Ադրբեջան պետության «հայրը» Մամեդ Էմին Ռասուլզադեն է:
Այս իրավա-քաղաքական երկվությունը շատ որոշակի ազդում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, և, ըստ էության, Բաքվի դիրքորոշումը պայմանավորում Մոսկվայի կողմից ներշնչված «ընդհանուր պատմության» նարատիվով, որ օրգանապես կապված է Հարավային Կովկասի ռուս-թուրքական ստատուս քվոյի հետ: Այսօրվա Թուրքիան հավատարի՞մ է 1920թ. ապրիլի 28-ի Ադրբեջանի բոլշևիակացման ակտին:









































