Աշխարհի զարգացած երկրներում ներկայիս ֆինանսական և պարտքային ճգնաժամի «կոլեկտիվ պատասխանը» անհրաժեշտ է գտնել «մոտակա շաբաթների ընթացքում», հայտարարում են Արժութի միջազգային հիմնադրամում: ԱՄՀ-ն օգնություն է խնդրում Ռուսաստանից և BRICS-ի այլ երկրներից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ)` զգուշացնելով, որ եվրոյի հետ միասին նրանք նույնպես կտուժեն:
Ռուսաստանը չի շտապում օգնել, իսկ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն արդեն հայտարարել է, որ ապագան «կորցված տասնամյակ» է:
Առաջիկա փլուզման կոնկրետ ժամանակահատվածը սահմանել են Մեծ Բրիտանիայում, գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնը եվրոն փրկելու համար տվել է վեց շաբաթ, հայտնում է SkyNews-ը: Նրա խոսքերով, «ժամկետը» մինչև նոյեմբերին Ֆրանսիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովն է, այնտեղ պետք է առաջարկվեն կոնկրետ միջոցներ, այլապես ուշ կլինի:
ԱՄՀ-ի եվրոպական դեպարտամենտի ղեկավար Անտոնիո Բորջեսը հայտարարել է. «Մենք շատ ժամանակ չունենք: Մոտակա շաբաթների ընթացքում աշխարհի բոլոր քաղաքական ղեկավարները և շուկաների առանցքային մասնակիցները, կենտրոնական բանկերը պետք է նստեն ընդհանուր սեղանի շուրջ և մշակեն այդ խնդիրներին ավելի կոոպերատիվ մոտեցումներ»:
Բորջեսը վստահեցրել է, որ ԱՄՀ-ն միայն ուրախ կլիներ կապիտալի ներհոսքին BRICS-ի երկրներից ոչ միայն գերվստահելի, այլև ուրիշ ակտիվների մեջ, սակայն միաժամանակ զգուշացրել է, որ խմբի երկրները շատ շրջահայաց և զգուշավոր ներդրողներ են:









































