Հոկտեմբերի 3-7-ը կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելու է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ» բանաձևը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովն ընդունել էր հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձևի նախագիծը, որում համազեկուցողները ընդհանուր առմամբ դրական են գնահատել Հայաստանում կատարվող վերջին քաղաքական զարգացումները, ներքաղաքական մթնոլորտի փոփոխությունները, ինչպես նաև առաջարկել էին Մարտի 1-ի էջը համարել փակված:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի հարցը քննարկվելու է հոկտեմբերի 7-ին, և նկատեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը կփորձի ելույթներ և առաջարկներ ներկայացնել զեկույցի վերաբերյալ. «Կարծում եմ, որ որոշիչ փոփոխություններ զեկույցում չեն լինի, և այն նախկինում ներկայացված ձևով կդրվի քվեարկության և անպայմանորեն կընդունվի»:
Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց կա, խորհրդարանական պատվիրակությունը մեկնում է ողջ կազմով, այդ թվում՝ նաև փոխարինող անդամներով:
Ըստ Զոհրաբյանի՝ Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձևի ընդունումը ընդամենը կարձանագրի առկա քաղաքական մթնոլորտի, զարգացումների փոփոխությունները, որոնք առկա են Հայաստանում. «Դա լուրջ ազդակ կլինի, որպեսզի վեհաժողովի մեր գործընկերները մտածեն Հայաստանը մոնիտորինգի ընթացակարգից հանելու մասին»:
Այդուամենայնիվ, պատգամավորի կարծիքով, դժվար թե այս շրջանում Հայաստանը հանվի մոնիտորինգի ընթացակարգից, քանզի առաջիկայում Հայաստանում երկու լուրջ համապետական ընտրություններ են սպասվում. «Կարծում եմ՝ այդ ընտրությունների ավարտից հետո նոր ԵԽԽՎ-ում կվերանայեն մոնիտորինգի ընթացակարգի տակ Հայաստանը պահել, թե ոչ»:
Պատգամավորը նշեց, որ նախորդ զեկույցների հետ համեմատած, այս զեկույցում տրված գնահատականները խոսում են էական առաջընթացի մասին, և համազեկուցողների գնահատականներն, ըստ Զոհրաբյանի, բավականին համաչափ և պոզիտիվ են:
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի անունը ներառված է նաև երեխայի սեռի որոշման վերաբերյալ նախագծում, որում մտահոգություն կա, որ ի թիվս մի քանի երկրների, Հայաստանում ևս տղա երեխա ունենալու համար նախօրորք փորձում են կանխորոշել երեխայի սեռը, ինչը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է բացասաբար:
Զոհրաբյանը նաև հավելեց, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում էլ քննարկվելու է Մարինա Շուստերի զեկույցը ազգային սուվերենիտետների վերաբերյալ, որի կոնտեքստում ինքը բարձրացնելու է ԼՂ հարցը, Ազգերի ինքնորոշման սկզբունքների հարցը միջազգային հարց է, կարևորագույն հարցի սկզբունք:








































