Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողության սկզբից ի վեր՝ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռազմական և ոստիկանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 685-ի։ Նման տվյալներ է ներկայացրել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։Վերջինիս հաղորդմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչ օրս Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում վիրավորվել է 5700 պաղեստինցի։ Միայն անցած չորեքշաբթի օրվանից ի վեր, երբ իսրայելական բանակը լայնածավալ արշավանքներ է ձեռնարկել մի քանի քաղաքներում և փախստականների ճամբարներում, այդ հատվածում 33 արաբ է սպանվել և մոտ 130-ը վիրավորվել։Նշվում է, որ սպանվածների թվում կան մոտ մեկ տասնյակ դեռահասներ և տարեցներ։








































