РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները չեն կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքումնշված է հետևյալը. «Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԼՂՀ-ն չի ճանաչում որպես անկախ պետություն։ Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։
Ռուսաստանը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող իր գործընկերների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ և ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Մենք շարունակելու ենք աջակցել հայկական ու ադրբեջանական կողմերին՝ ղարաբաղյան հանգույցի քանդման նպատակով շուտափույթ փոխզիջումների գնալու համար։ Մենք հաստատում ենք տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և այլ հիմնարար սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ մեր աջակցությունը»։
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 18-ին։










































