Եվրոպան ուզում է, որպեսզի մենք կրկնապատկենք մատակարարվող գազը, սակայն չի ուզում կատարել ներդրումներ, օկուպացված Շուշիում կայացած մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը ասել է Իլհամ Ալիեւը: Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում օրերս վերընտրված Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը 2022 թվականի հուլիսին Բաքվում էներգետիկ գործակցության պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի համաձայն Ադրբեջանը մինչեւ 2027 թվականը կրկնապատկելու է Եվրոպա մատակարարվող գազի ծավալը: Այդ պայմանագիրը կնքվեց ուկրաինական պատերազմի բռնկումից եւ ռուսական գազի մատակարարումների հարցում ստեղծված նոր իրավիճակից հետո:
Սակայն, ռուսական գազը շարունակում է գնալ Եվրոպա, թե Ուկրաինայի տարածքով՝ որի տարանցման պայմանագիրն իհարկե սպառվում է, թե նաեւ Ադրբեջանի տարածքով, պարզապես «սվոփ» տրամաբանությամբ: Այսինքն, Ադրբեջանն իր ներքին կարիքների համար գազ է գնում Ռուսաստանից, փոխարենն իր գազը ավելի շատ արտահանում Եվրոպա: Իսկ այժմ էլ քննարկվում է, որ Ուկրաինայի տարածքով ամնցնող խողովակներով տարանցվի ադրբեջանական գազը, երբ լրանա ռուսականի տարանցման պայմանագիրը: Ստացվում է, որ ադրբեջանական գազը պետք է Ռուսաստանի տարածքով հասնի Ուկրաինա եւ խողովակները լցնի ռուսական գազի փոխարեն:
Այդ կապակցությամբ բանակցության մասին հայտնում է Բլումբերգը: Ինչպես ասում են՝ թե գայլերն են մնում կուշտ, թե ոչխարներն անվնաս, բոլորը կլինեն գոհ: Թվում է, թե դժգոհում է Ալիեւը՝ եվրոպական ներդրումների պակասից: 2022-ի էներգետիկ համաձայնագիրը կնքելով, Եվրահանձնաժողովը հայտարարեց նաեւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտում մոտ 2 միլիարդ եվրոյի ներդրումների մասին: Ալիեւը ներկայումս բողոքում է, որ Եվրոպան շատ գազ է ուզում, բայց քիչ ներդրում անում: միլիա՞րդն է քիչ, թե՞ չի ներդրվում այդ երկու միլիարդը: Ալիեւին փո՞ղ է պետք, թե՞ ալիբի՝ Եվրոպայի հանդեպ, ըստ էության ռուսական գազի տարանցման հարցում «լոյալության» շարունակության համար: Պետք չէ բացառել նաեւ, որ Ադրբեջանի նախագահի այդ դժգոհության հաշվարկային արեալում է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերության հարցում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Հայաստանի ԵՄ պաշտպանական հիմնադրամից փողի հատկացումը կամ վիզաների ազատականացման մասին որոշումը:
Կարող է թվալ զարմանալի, որ նա իր ընկեր Օրբանի միջոցով չի արգելափակել դրանք, բայց հնարավոր է նաեւ, որ ներկայումս բավականին մեծ խաղ սկսած Օրբանը նրան հորդորել է իրեն «չմանրացնել» այսպես ասած փոքր «խնդրանքներով», եւ Ադրբեջանի նախագահը որոշել է պարզապես «առեւտուր» անել դժգոհություններով: Առավել եւս, որ այդ «մեթոդաբանությունը» կարծես թե միչ այժմ աշխատել է, ու բարդ է հիշել, թե Եվրամիությունը ե՞րբ է վերջին անգամ լրջորեն դժգոհել Ադրբեջանից, օրինակ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում:









































