ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հերթական անգամ քննադատության է նեթարկել Ռուսաստանի իշխանություններին: Այս մասին նա գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հոդվածում:
Գորբաչովի խոսքերով` նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը փակուղի են տանում երկիրը, այդ պատճառով հասարակության մեջ աճում է դժգոհությունը, իսկ ընտրություններից առաջ իշխանությունները սկսել են «պոտյոմկինսկի գյուղեր» կառուցել (ցուցարական.- 1in.am), ինչը հիշեցնում է հին խոհրդային ժամանակները: Գորբաչովի կարծիքով` Ռուսաստանը վերադառնում է «բրեժնևյան ժամանակաշրջան` սոցիալական ճեղքվածքի ավելացման և փքուն գլամուրային «տուսովկայի» ֆոնին»:
«Ավելի ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանության և հասարակության հարաբերությունների ձևավորված համակարգը չի ապահովում ո՛չ քաղաքացիների անվտանգությունը, ո՛չ նրանց արժանապատիվ կյանքը, ո՛չ աշխարհում իրական հարգանք Ռուսաստանի նկատմամբ»,- գրում է ԽՍՀՄ նախկին նախագահը: Գորբաչովի կարծիքով` իշխանությունները ոչ թե վախենում են բարեփոխումների դեպքում կորցնել իշխանությունը, այլ մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը. «Սակայն հենց փոփոխությունների բացակայությունն է հանգեցնելու անկայունության»:
Գորբաչովը հիշատակում է սկսված քարոզչությունը և իշխանությունների մոտ իրական մրցակցության մեջ մտնելու ցանկության բացակայությունը. «Իշխանությունը փակվել է «բունկերում» և պաշտպանում է իրեն անխոցելի վահանով, որը բաղկացած է տարբեր խաբեություններից, վարչական ռեսուրսից և կեղծ օրենսդրությունից»,- ասում է Գորբաչովը:











































