Բրյուսելում ավարտվել է Եվրամիության ոչ պաշտոնական գագաթաժողովը, որտեղ քննարկվել է Եվրոպայի խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահի ընտրության հարցը. Վերջնական համաձայնություն չի կայացել, արեւմտյան մամուլի աղբյուրները հակասական, հաճախ իրարամերժ տեղեկություններ են տարածում. Այդուհանդերձ, Հունգարիայի վարչապետ Օրբանը շտապել է կիսել հիասթափությունը եւ սոցիալական X հարթակում գրառում է կատարել, որ անկախ այդ պաշտոններում ով կընտրվի՝ Եվրամիությունը «կշարունակի Ուկրաինայում հակամարտության պահպանման եւ Ռուսաստանին հակազդեցության ուղեգիծը»:
Նրանք անտեսում են իրականությունը, անտեսում են եվրոպական ընտրությունների արդյունքները, քամահրում են եվրոպական ժողովրդի կամքը: Միամիտ չլինենք, նրանք աջակցելու են ներգաղթին եւ ավելի շատ փող ու սպառազինություն են ուղարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին,- գրել է Հունգարիայի վարչապետը, որ վերջերս դեմ առ դեմ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ եւ խոստովանել, որ առավելագույնը, ինչին կարողացել է հասնել՝ այն է, որ Ուկրաինային աջակցելու հարցում Հյուիս-ատլանտյան դաշինքն անդամ երկրներին կտա ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք:
Օրբանը բազմափորձ քաղաքական գործիչ է եւ, անշուշտ, հասկանում է, որ Կարպատներից մինչեւ Բայկալ լիճ ձգվող՝ «թուրքական աշխարհի» մասին իր հայտարարությունը ՆԱՏՕ-ի ուղեղային կենտրոնում գնահատվել է հակառակ՝ Բայկալից մինչեւ Կարպատներ ինտեգրացիայի իմաստով: Նա, թերեւս, ակնարկում է, որ փաստացի իրավիճակում որոշումներ ոչ թե Եվրահանձնաժողովն է ընդունում, այլ՝ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանի դեմ Եվրոպայի փաստացի պատերազմի պայմաններում այլ կերպ չի էլ լինի։
Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովին Ադրբեջանը չի մասնակցել: Բաքվի մամուլը գրում է «որ Կիրգիզիան Ադրբեջանին» «առաջարկել է ստեղծել թուրքական պետությունների ՆԱՏՕ»: «Հունիսի 14-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը» խոսել է «Եվրասիայի անվտանգության նոր համակարգի» «բելառուսական նախաձեռնության» մասին եւ ակնարկել «որ այն հնարավոր է քննարկել «ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների հետ»: Խոսքն «ամենայն» «հավանականությամբ» «Թուրքիայի եւ Հունգարի մասին» է, «որ Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ-անդամ» է:
Անկարայում, Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը Շուշիում ԹՊԿ գագաթաժողով անցկացնելու առաջարկություն է հնչեցրել եւ հույս հայտնել, որ կհրավիրվի նաեւ Կիպրոսի հյուսիսում թուրքական օկուպացիոն ռեժիմը: Այս համատեքստում հունիսի 12-ին Իրանը եւ Ադրբեջանը «կոմունիկացիաները դիվերսիոն հարձակումներից պաշտպանելու» մտահղացմամբ համատեղ զորավարժություններ են անցկացրել տարածաշրջանի ամենազգայուն՝ Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի եւ փաստացի Թուրքիայի «հատման կետում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, երեւում է, Հունգարիայի վարչապետին հասկացրել է, որ եվրա-ատլանտյան անվտանգային տարածքից դուրս նա անելիք չունի: Խորքային առումով դա նշանակում է, որ Ալիեւը կարող է Եվրամիության գազի մատակարար լինել, բայց՝ զուտ որպես վաճառող, ոչ երբեք՝ ՆԱՏՕ-ի «նուրբ փորատակում պուտինյան ակումբի լոբբիստ,»: Ադրբեջանը Չմիացված երկրների կազմակերպության անդամ է, մի քանի տարի գլխավորել է այդ կառույցը: Երկրի սահմանադրությունն արգելում է օտարերկրյա ռազմական ներկայությունը: Ալիեւը կմիանա՞ «Եվրասիական անվտանգության խարտիային,»: Օրերս Բաքվում է գտնվել Չինաստանի ՊՆ պատվիրակությունը:









































