Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում այսօր բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը: Քառահարկ, լուսավոր, հարմարավետ, անվտանգության ու լուսավորության համակարգերով հագեցած մասնաշենքը կառուցվել է բարերարներ, մոսկվաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանի շնորհիվ, մասնակցությամբ Մաքսիմ Հակոբյանի, Մակար Նահապետյանի:
Մասնաշենքն ունի մեծ գրապահոց, գրքերի` ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժին, որտեղ վերականգնվելու են վնասված գրքերն ու մագաղաթները: Նոր գրապահոցում ստեղծված են բոլոր պայմանները` գրքերի անվտանգության ջերմախոնավային բոլոր չափանիշներն ապահովելու համար: Մատենադարանի նախկին մասնաշենքից նոր մասնաշենք են տեղափոխվել գիտական կազմը, արխիվը, ձեռագրատունը:
Մասնաշենքի կառուցումն սկսվել է դեռ 2009-ից, ավարտվել շուրջ երկուսուկես տարում: Կառույցի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Նոր մասնաշենքում այսօր բացվել է նաև Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը: