Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկին, որը Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց Հայաստան-Եվրոպական միություն վերելք ապրող հարաբերությունների կապակցությամբ՝ նշելով, որ այդ գործում իր լուրջ նպաստն ունի համագործակցության խորհրդարանական ձևաչափը:
Լիբոր Ռուչեկը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության քսանամյա հոբելյանի առիթով, ընդգծեց, որ անկախության տարիներին Հայաստանի փոխհարաբերությունները թե Եվրամիության, թե ԵՄ անդամ երկրների հետ լուրջ զարգացում են ապրել և ընդլայնման մեծ ներուժ ունեն:
Էդվարդ Նալբանդյանն ու Լիբոր Ռուչեկը անդրադարձան միջխորհրդարանական շփումներին, առանձնակիորեն կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի գործունեությունը:
Կողմերն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությանն առնչվող հարցերին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխնախագահին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: