News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն հանդիպել է միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորումը։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության զարգացման և Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարները։ Բարամիձեն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար։
Բարամիձեն Ջոն Հոփկինսի անվան Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթ է ունեցել «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները» խորագրով զեկույցով։
Հիշեցնենք, որ Բարամիձեն ԱՄՆ էր մեկնել նախորդ շաբաթ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք «Ազատության ու ժողովրդավարական կառավարման ամրագրումը» խորագրով կոնֆերանսին։











































