Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդերն ակցիա են կազմակերպել քուրդ առաջնորդ, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու համար, որը 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Այս կապակցությամբ հավաքվել է 100,000 ստորագրություն, որն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան։ Բացի այդ, քրդերն Օջալանին ազատ արձակելու պահանջով մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել Թուրքիայի քաղաքներում, այդ թվում՝ նաև Ստամբուլում և Անկարայում։
Սեպտեմբերի 18-ին Ստամբուլում թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով ցրել է քրդերի խաղաղ ցույցը՝ ձերբակալելով 161 մարդու։ Նրանցից միայն 20-ն են ազատ արձակվել։ Իսկ Անկարայում տեղի է ունեցել կանանց բազմահազարանոց ցույց, որում պահանջել են դադարեցնել քրդերի դեմ ռազմական գործողություններն ու ուժի կիրառումը, ազատ արձակել Օջալանին և բաց բանակցություններ սկսել նրա հետ քրդական հարցի կարգավորման համար։
Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 300 քուրդ ակտիվիստ, որոնցից 148-ը կալանավորվել է։ Դրա մեծ մասը բաժին է ընկել Ստամբուլին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե Օջալանին կարող են տնային կալանք տալ կամ էլ տեղափոխել ստամբուլյան նորմալ բանտ։
Ի դեպ, օգոստոսի 17-ին Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանն Աբդուլլահ Օջալանին 1 տարի ժամկետով արգելել է հանդիպումներ ունենալ իր 4 փաստաբանների հետ։










































