«Արևմտյան մշակույթում ընդունված չէ կոչումներ շնորհել: Պետությունն այնտեղ պարգևատրում է միայն զինվորականներին իրենց ծառայության համար: Այնտեղ չկան ո՛չ վաստակավոր, ո՛չ ժողովրդական կոչումներ: Դրանք շնորհելը տարածված է տոտալիտար երկրներում, երբ պետությունը և՛ պատվիրատու է, և՛ պարգևներ բաժանող`ըստ պատվերների կատարման, ու դրանք հնարված են հենց տոտալիտար ռեժիմների կողմից` իշխանություններին լավ ծառայող ստեղծագործական ոլորտների ներկայացուցիչներին խրախուսելու համար: Հենց այն եղանակը, որով դա մատուցվում է, իր բնույթով ավելի շատ տոտալիտար համակարգերին է հատուկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրատարակիչ-դիզայներ Սամվել Փարթամյանը:
«Հենց միայն այն, որ Սերժ Սարգսյանն ասաց, թե պարգևները պետք են ոչ թե նրանց, ում տրվում են, այլ հասարակությանը: Բայց այդ ի՞նչ մարդիկ են, որոնց գործունեությունը պարգևի միջոցով պետք է ճանաչի հասարակությունը: Հակառակը` հասարակության միջոցով ճանաչվածը կարող էր պարգևատրվել: Լրիվ հակառակ շեշտն էր դրված»,- ասաց Ս. Փարթամյանը` ընդգծելով, որ կոչումներն Արևմուտքում ընդհանրապես ավելի շատ հանրային իմաստ ունեն, օրինակ` Նոբելյան մրցանակը հիմնադրամի մասնավոր նախաձեռնությունն է: «Դա մրցանակ է, որի արժեքը որոշվում է տվյալ մարդու ամբասիր, անթերի գործունեությամբ, հակառակ դեպքում ծառայությունների համար խրախուսանք է»,- նշեց նա:
Ըստ Սամվել Փարթամյանի՝ ավելի շատ իմաստ կունենար այն, որ շնորհվեին դրամական մրցանակներ, որոնք կխրախուսեին տվյալ անձի ստեղծագործական աշխատանքը կամ գործունեության այլ ոլորտները և ոչ թե լինեին եզրահանգումներ կատարածի համար:











































