Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանում տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչների հերթական դատալսումը։
Դատարանը հարցաքննել է 7 կասկածյալի, որոնց թվում նաև Դինքի սպանության կազմակերպիչներ Յասին Հայալին ու Էրհան Թունջելին։ Վերջիններս ներառված են «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործում։
Նրանք մեղադրվում են 309-րդ հոդվածով (ուժի ու բռնության գործադրմամբ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգի տապալում)։ Այժմ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը Սամասթին «կանխամտածված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտեց 22 տարի 10 ամիս ազատազրկման։
Ի դեպ, ավելի վաղ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Հրանտ Դինքի սպանությունը Օգյուն Սամասթի կողմից` նրան տալով զենք և գումար:










































