Թուրքիան չեղարկել է առանց վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար: Որոշումը կայացրել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Դա տեղի է ունենում մոսկովյան ահաբեկությունից հետո, որի իրականացնողները Տաջիկստանի քաղաքացիներ էին, որոնք, ըստ ռուսաստանյան իրավապահների, վարժանք էին անցել Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում: Էրդողանի քայլն ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանին: Դրա միջոցով Անկարան թերեւս ուզում է անել ժեստ, որը թերեւս միտված է Պուտինի Անկարա այցին:
Այդ այցը հետաձգվում է արդեն քանի անգամ: Եթե խոսվում էր ապրիլ-մայիսի մասին, ապա արդեն նշվում է հունիս-հուլիսը: Ակնհայտ է, որ Մոսկվան չի շտապում այդ այցի առնչությամբ եւ փորձում է բարձրացնել գինը, հատկապես, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանի գործերնը ներկայումս լավ են, կա որոշակի առավելություն, Ուկրաինան չի ստանում բավարար աջակցություն Արեւմուտքից: Թուրքիան փորձում է վերականգնել իր դերը՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, հատկապես որոշակի «կանխազգացումներ» ունենալով Ֆրանսիայի դերի առնչությամբ:
Իսկ այդտեղ կատարվում են զարգացումներ, որոնք Անկարայի համար կարող են լինել խնդրահարույց: Ապրիլի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ, ռազմա-քաղաքական շփումների ավելի քան մեկամյա դադարից հետո: Դրան զուգահեռ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ունի արժեքավոր տեղեկություն՝ Կրոկուսի ահաբեկության հետ կապված: Այդ ահաբեկությունից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվային թե տեխնիկական, թե քաղաքական՝ նախարարական մակարդակով արվել է առաջարկ խորացնել գործակցությունն ահաբեկության դեմ պայքարում:
Այս միտումներն անշուշտ չեն նշանակում, որ Ռուսաստանը դադարելու է Թուրքիայի հետ հարաբերվելուց եւ գործակցելուց, բայց զուգահեռ իրողությունների ձեւավորումը էապես կբերի Անկարայի կշռի եւ նշանակության նվազեցման, ինչը Էրդողանի համար խնդիր է, հատկապես ներքին խնդիրների առկայության պայմաններում: Մյուս կողմից սակայն, Ռուսաստանին ուղղված ժեստերից բացի, Թուրքիան իհարկե կփորձի կիրառել նաեւ շանտաժի լեզուն, որին տիրապետում է: Եվ այս օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի վարքագիծը արժե գուցե դիտարկել նաեւ այդ համատեքստում, թեեւ հնարավոր մոտիվները, ինչպես առիթ եմ ունեցել գրելու, կարող ենք փնտրել ավելի լայն շրջանակով:










































